Երեւանի եւ Ռիգայի միջեւ փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի` Լատվիայի մայրաքաղաքի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ժամանակ լատվիական կողմը ներկայացրել է Ռիգայի քաղաքային կառավարման մոդելը: Հյուրերը մատնանշել են  լատվիական կողմի համար գործակցային հետաքրքրություն ներկայացնող հիմնական ոլորտները:

Լատիշ գործարարներն, ըստ պատվիրակության անդամների, հետաքրքրված են հատկապես շինարարության, բնակֆոնդի վերականգնման, փողոցների եւ շենքերի դեկորատիվ լուսավորման, զբոսաշրջային եւ մի շարք այլ ոլորտներում հնարավոր ներդրումային ծրագրերով:

Կարեն Կարապետյանն ընդգծել է քաղաքի բյուջեի ձեւավորման, տրանսպորտի կառավարման, սոցիալական բնակարանաշինության,  առողջապահության, կրթության, զբոսաշրջության եւ այլ ոլորտներում  միջազգային առաջավոր փորձի փոխանակման անհրաժեշտությունը. «Մենք բաց ենք ու պատրաստ քննարկելու կառուցողական ցանկացած առաջարկություն, ցանկացած ծրագիր»,– նշել է Երեւանի քաղաքապետը, առաջարկելով փորձի փոխանակման նպատակով համապատասխան մասնագետների փոխայցելություններ կազմակերպել:

Լատվիական կողմը Երեւանի քաղաքապետին է փոխանցել Ռիգա այցելելու Լատվիայի մայրաքաղաքի  քաղաքապետի  պաշտոնական հրավերը:

Լատվիական պատվիրակությունը այցելել է  նաեւ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմ, ուր համաձայնագիր է ստորագրվել կրթական, մշակութային, զբոսաշրջային ոլորտներում, ինչպես նաեւ փողոցների եւ մշակութային արժեք ներկայացնող շենքերի դեկորատիվ լուսավորության եւ մի շարք այլ բնագավառներում  փոխգործակցության վերաբերյալ: