Եգիպտոսը պատրաստվում է առաջին արբանյակն արձակել 2021 թվականի դեկտեմբերին՝ ի լրումն երկրում տիեզերական գիտության զարգացման այլ նախագծերի: Այս մասին հայտարարել է Եգիպտոսի տիեզերական գործակալության ղեկավար Մոհամմեդ էլ-Կուսին:

Նրա խոսքով՝ Եգիպտոսը տիեզերական համակարգեր եւ ենթակառուցվածքներ տեղծելու, ինչպես նաեւ «միջազգային տիեզերական հարաբերությունները ամրապնդելու, տիեզերքը հետազոտելու եւ եգիպտական տիեզերական իրավունքը հաստատելու» հավակնոտ ծրագիր ունի, գրում է Al-Youm Al-Sabea թերթը:

Կահիրեն գերմանացի եւ չինացի գործընկերների հետ կարձակի նոր արբանյակներ, որոնցից առաջինը՝ 65 կգ քաշով հեռահար զոնդավորման եւ հետազոտական արբանյակը, կարձակվի այս տարվա դեկտեմբերին:

Երկրորդ արբանյակը կարձակվի 2022 թվականի մարտին եւ կօգտագործվի կլիմայի փոփոխության մոնիթորինգի համար:

Երրորդը կարձակվի 2022-ի սեպտեմբերին եւ կօգտագործվի սենսորային հավելվածներում այն բանից հետո, երբ Եգիպտոսի տիեզերական գործակալությունն ավարտի Չինաստանի հետ համագործակցությամբ իր նախագծի մշակումը:

Էլ-Կուսին նշել է, որ Եգիպտոսի առաջիկա տարիների նպատակներից մեկը մինչեւ 2022 թվականի սեպտեմբերի վերջը արբանյակների հավաքման եւ փորձարկման կենտրոնի բացումն է: