Հայաստանը 2011 թ. առնվազն 5-6 տոկոս տնտեսական աճ կունենա: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Հիշեցնենք, որ 2010 թ. Հայաստանի տնտեսական աճը կազմել է 2.6 տոկոս, իսկ պետական բյուջեի նախագծում 2011 թ. համար դրվել է 4.6 տոկոս աճի կանխատեսումը: 

Ըստ Տ. Դավթյանի` օպերատիվ տվյալների համաձայն տնտեսական աճի տեմպերը Հայաստանում արագացել են: Հունվար-մայիսին, նախնական հաշվարկներով, արդյունաբերության աճի տեմպը 1 տոկոսով բարձր է հունվար-ապրիլի աճի տեմպից: Սպասվում է, որ հունվար-մայիսի արդյունաբերական աճը կգտնվի 6.5-7 տոկոսի սահմաններում, իսկ մայիսի աճը նախորդ տարվա մայիսի նկատմամբ կկազմի մոտ 16 տոկոս:

Փաստորեն` արդյունաբերական աճի տեմպը ամեն ամիս ավելանում է 1 տոկոսով, ու եթե այդ տեմպը պահպանվի տարվա ընթացքում, ապա էկոնոմիկայի նախարարի գնահատմամբ տարվա վերջում շատ լավ արդյունքներ կունենանք: