Արդեն երկու ամիս Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում է Արցախյան հերոսամարտի մասնակիցներ Հրաչյա Ավետիսյանի եւ Սուսաննա Պետրոսյանի գործը: Հիշյալ անձինք մեղադրվում են փաստաթղթեր կեղծելու եւ խոշոր չափի գումար հափշտակելու մեջ: Հայցվոր կողմը Զինվորական դատախազությունն է:
Գործն ի սկզբանե սկսվել էր արցախյան հերոսամարտի մասնակից 4-րդ գումարտակի ազատամարտիկների բողոքի հիման վրա: Նրանք դատախազությանը բողոք էին ներկայացրել, թե իրենց շարքերը համալրվել են եւ Չորրորդ գումարտակի անունից են խոսում այնպիսի մարդիկ, որոնց իրենք առհասարակ չեն ճանաչում:
Մեղադրող կողմի պնդմամբ, Հրաչյա Ավետիսյանը ու Սուսաննա Պետրոսյանը «2004 թվականին ձեռք են բերել եւ մինչեւ 2010 թվականի դեկտեմբերի 1-ը օգտագործել են Հայաստանի եւ ԼՂՀ սահմանների ինքնապաշտպանության ժամանակ վիրավորված լինելու մասին ակնհայտ կեղծ փաստաթղթեր»: Զինվորական դատախազությունը ազատամարտիկներին մեղադրում է 13 միլիոն դրամ գումար հափշտակելու մեջ, ըստ որի նրանք փաստաթղթեր կեղծելով` տարիներ շարունակ զինվորական թոշակ են ստացել:
«Ցավն այն է, որ իրենք սուտ ազատամարտիկ ձեւանալով, մեր զոհված ընկերների արյան փողն են կերել: Իսկ հարցրե՞լ եք, թե դա ինչպես է եղել, ովքեր են սարքել, ես լավ գիտեմ այդ ասֆալտի վետերաններին, որ չեն էլ ամաչում վետերանի անունը պախարակում են»,-դժգոհել են Չորրորդ գումարտակի ազատամարտիկները:
Ըստ նրանց, դատարանն էլ արդար չէ ու գործը խորությամբ չի քննում, որ պարզվի, թե ովքեր են գործարքի մեջ ներքաշված բոլոր կողմերը: «Ասում են` բերեք գումարը մուծեք, արագացված կարգով են քննում, իսկ սա նշանակում է, որ գործ սարքողները ջրի երես դուրս չեն գա: Դրանք փչած կազմակերպություններ են, որ ժամանակին փչվեցին, հիմա պայթելու են:
Մենք ամեն բան կանենք բոլոր մեղավորներին բացահայտելու համար»,-ասել է Չորրորդ գումարտակի վետերաններից Հովհաննես Ստեփանյանը` հավելելով. «Պատերազմին մասնակցել են իքս թվով վետերաններ, որոնց մի մասը զոհվել է, բայց հիմա չգիտես ինչպես, գրանցված վետերաններն ավելի շատ են, քան այն ժամանակ»:
Նշենք, որ արդեն մեկ ամիս շարունակ դատական նիստը ձգձգվում է: Դատական նիստերին չեն ներկայանում հիմնականում մեղադրյալներն ու փաստաբանը` պատճառաբանելով հիվանդությունը: Մեղադրող կողմն ու հայցվորի ներկայացուցիչը չեն առարկում այս ձգձգումներին:




























