Կառավարության կողմից խոստացած գյուղատնտեսությանն ուղղվող «աննախադեպ էժան վարկերի» մասին խոսակցությունները սուտ են եւ միֆ: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավարի որդին` Իշխան Վահրադյանը:
«Շնորհակալություն վարչապետին, գյուղնախարարին ու բոլոր նրանց, ովքեր խոսում էին «աննախադեպ էժան վարկերից ու կառավարության սուբսիդավորումներից»:
Ուզում եմ ասել, որ այդ ամենը միֆ էր, շոու, նման բան չկա: Արդեն 3 ամիս գնում-գալիս եմ բանկեր եւ այսօր վերջնականապես մերժեցին ու գիտե՞ք ինչ ասացին, իբր թե վերջացել է, էլ վարկ չեն տալիս: Մի հարցնող լինի. էդ ո՞ւմ եք տվել, որ սպառվել է»,- նշել է Իշխան Վահրադյանը, ում 3 ամիս շարունակ առեւտրային բանկերը հրաժարվել են գյուղվարկեր տրամադրել` տարբեր պատճռաբանություններով:
«Սկզբում ասում էին. «Գրավ է պետք», բայց ոչ գոմ են ընդունում գրավ, ոչ գյուղի տուն, ոչ անասուն: Գյուղացու ունեցվածքը դա է, քաղաքի տուն են ուզում, բայց մեզ որտեղից այդպիսի տուն»,-ասել է Վահրադյանը `շարունակելով, որ երախավորագրով էլ վարկ վերցնել հնարավոր չի եղել, քանի որ երաշխավորագիր ներկայացնող անձի պայմաններն էլ անհամեմատ խիստ է եղել եւ նման մարդ գտնել չի կարողացել:
«Այնպիսի պահանջներ են դնում, որ հանրապետության մեջ հազիվ մի հինգ հոգի լինի այդ պայմաններով: Երաշխավորագիր ներկայացնող 3 անձ է պետք, երեքն էլ այդ բանկից պետք է վարկ վերցրած լինեն: Ես որտեղի՞ց նման մարդկանց գտնեմ»,- ընդգծել է գյուղապետի որդին:




























