Միջազգային քրեական դատարանի դատավորները ուրբաթ որոշում են կայացրել, որ դատարանն իրավազորություն ունի՝ կապված ռազմական հանցագործությունների հետ, որ իրագործվել են պաղեստինյան տարածքներում՝ մաքրելով հնարավոր քրեական հետաքննության ճանապարհը, չնայած իսրայելական կողմի բողոքներին, հայտնում է Reuters-ը:

Այս որոշումը առաջացրել է ինչպես Իսրայելի արագ արձագանքը, որը ՄՔԴ անդամ է եւ մերժում է նրա իրավազորությունը, այնպես էլ պաղեստինյան կողմի, որը ողջունել է դատարանի վճիռը:

ՄՔԴ դատախազ Տաթու Բենսուդան հայտարարել է, որ իր գրասենյակն ուսումնասիրում է այս որոշումը եւ հետագա քայլերի որոշում կընդունի՝ խստորեն ղեկավարվելով «իր անկախ եւ անկողմնակալ մանդատով», ծանր ռազմական հանցագործությունների եւ չարագործությունների դատական հետապնդման համար այն դեպքերում, երբ երկրներն իրենք չեն կարող կամ չեն ցանկանում դա անել:

ՄՔԴ դատավորները հայտարարել են, որ իրենց որոշումը հիմնված է այն փաստի վրա, որ Պաղեստինին տրիբունալի հիմնադիր պայմանագրում անդամություն է տրամադրվել, եւ նրանք այդ իրավիճակը փոխանցել են դատարան: Դատավորները հայտարարել են, որ ընդատության մասին որոշումը չի նախատեսում պաղեստինյան պետականության, որն անորոշ է, եւ ազգային սահմանների որոշման որեւիցե փորձ:

«Պաղեստինի իրավիճակի վերաբերյալ դատարանի տարածքային իրավազորությունը... տարածվում է 1967 թվականին Իսրայելի կողմից օկուպացված տարածքի վրա, իսկ հատկապես Գազայի հատվածի եւ Արեւմտյան ափի վրա, ներառյալ Արեւելյան Երուսաղեմը»,- ասել են նրանք:

2019 թվականի դեկտեմբերին Բենսուդան հաստատել էր, որ «Արեւմտյան ափին, ներառյալ Արեւելյան Երուսաղեմը, եւ Գազայի հատվածում ռազմական հանցագործություններ են իրագործվել կամ իրագործվում են»:

Նա որպես պոտենցիալ կատարողներ նշել էր ինչպես Իսրայելի Պաշտպանության բանակին, այնպես էլ զինված պաղեստինյան խմբավորումներին, ինչպիսին է ՀԱՄԱՍ-ը:

Նա հայտարարել էր, որ հետաքննություն չսկսելու պատճառներ չի տեսնում, բայց դատավորներին խնդրել էր նախ որոշել՝ այս իրավիճակն արդյոք մտնո՞ւմ է դատարանի իրավազորության մեջ:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթայահուն դատապարտել էր այս որոշումը՝ հայտարարելով. «Երբ ՄՔԴ-ն Իսրայելի դեմ կեղծ ռազմական հանցագործությունների հետաքննություն է անցկացնում, դա մաքուր հակասեմականություն է»: