Ներկայացնում ենք հատված թերթի «Ընդհանուր ցավը» վերնագրով խմբագրականից:
…Նախկին խորհրդային տարածքում լրատվամիջոցների մեծ մասը գործում է «կապը կտրած» կարգավիճակով, որովհետեւ` 1. դա նրանց սեփականատերերին, խմբագիրներին եւ լրագրողներին դուր է գալիս, 2. դա դուր է գալիս նրանց ընթերցողներին, քանի որ դիտվում է որպես բացախոսություն եւ խիզախություն, 3. դա ձեռնտու է բիզնեսի առումով` լայն հնարավորություն է ստեղծում մեծահարուստներին եւ, հետեւաբար, պոտենցիալ «հովանավորներին», 4. դա, ի վերջո, ձեռնտու է իշխանություններին, որոնք միշտ հնարավորություն ունեն վկայակոչելու իրենց ընդդիմախոսների մարգինալությունը:
Եթե մարդը թե՛ կյանքում եւ թե՛ աշխատանքում չի ցանկանում հետեւել բարեկրթության կանոններին եւ պրոֆեսիոնալ նորմերին, դա առաջին հերթին նրա կրթության եւ ընտանեկան դաստիարակության պակասի հետեւանք է։ Ոչ մի պատժամիջոց, ոչ մի դատարան չի կարող փոխել նման մտայնությունը՝ միայն համբերատար բացատրական աշխատանքը, հասարակական կարծիքը։
Ինչո՞ւ մարդիկ չեն միզում Երեւանի կամ Քիշնեւի փողոցներում (համենայնդեպս՝ օրը ցերեկով)։ Որովհետեւ դա ընդունված չէ, դա համարվում է ամոթալի եւ հասարակության կողմից պախարակելի արարք։ Լրատվամիջոցը որպես գյուղական զուգարանի ցանկապատ օգտագործելը, որտեղ կարելի է գրել ցանկացած բառ, նույն սերիայից է։
Էթիկայի ստանդարտներին չհետեւելու «ամենաուժեղ» պատճառաբանությունը հետեւյալն է. մեր երկիրը այնպիսի լուրջ խնդիրների եւ մարտահրավերների առաջ է կանգնած, որ հիմա էթիկայի «վախտը չի»։ Մոտավորապես՝ մինչեւ որ ավազակապետությունը չտապալվի, ես միզելու եմ փողոցում։ Բայց իմ տեսակետը ճիշտ հակառակն է. այնքան ժամանակ, մինչեւ որ դու անելու ես, ավազակապետությունը չի տապալվի։




























