Թերթն անդրադառնում է ԱԺ պատգամավոր, բիզնեսմեն, ՀՀԿ խմբակցության անդամ Տիգրան Արզաքանցյանի NEWS.am-ին տված հարցազրույցին, որտեղ նա նշում է. «Գրում են, որ ես Հովիկ Աբրահամյանի հետ ոսկու հանքեր ունեմ, բայց էդ հանքը իմ սեփականությունն է»:

Այս առնչությամբ, թերթը գրում է. «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 4-րդ հոդվածի համաձայն` «Հայաստանի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է, որը կարող է տրվել օգտագործման իրավունքով եւ սեփականաշնորհման ենթակա չէ»: Այնպես որ, տվյալ հանքը Տ. Արզաքանցյանի սեփականությունը չէ, այլ նրան կամ նրան պատկանող ընկերությանն ընդամենը օգտագործման իրավունքով է տրված: Հանքօգտագործողներն իրենց վստահված եւ օգտագործման հանձնված հանքերի հետ վարվում են գրեթե այնպես, ինչպես կվարվեին, եթե հանքն իրենց սեփականությունը լիներ: Հայաստանում շատ հանքեր գործնականում թալանի են տրված, արհամարհված են նաեւ օրենսդրության բնապահպանական պահանջները: Այս վերջինի առումով հերթական օրինակը գրանցվել է վերջերս Արզաքանցյանի հայրենի Քյավառից ոչ այնքան հեռու` Ծովակ գյուղի հարակից տարածքում:

Ծովակ գյուղի հարակից տարածքում գտնվող պեմզայի հանքավայրը շահագործման է հանձնվել 1997 թ. եւ նախատեսված է Սոտքի ոսկու հանքարտադրության կարիքների համար: Հանձնախումբը պարզել է, որ հանքանյութն ունի փոշու մեծ պարունակություն: Ըստ մարզպետարանի տեղեկատվության` «Թոքմաջո» ՍՊԸ կողմից շուրջ 500 խմ պեմզա փորձնական տեղափոխվել է Արարատի ցեմենտի գործարան` որպես հավելանյութ օգտագործելու համար: Այնուհետեւ ընկերության կողմից 2010 թ. արդյունահանվել է շուրջ 70000 խմ հանքանյութ` չունենալով սահմանված կարգով թույլտվության փաստաթղթեր:

Անշուշտ, հետաքրքիր է ու պետք է պարզել, թե այդ ամբողջ ընթացքում ո՞ւր են նայել պատկան մարմինները: Բոլորն էլ չե՞ն տեսել, թե՞ համապատասխան վերաբերմունքի դիմաց չտեսնելու են տվել հսկայական հանքավայրի ապօրինի շահագործումը:

Չէ՞ որ այն ավազի մեջ կորած ասեղ կամ ապօրինի գործող կարկանդակի կրպակ չէր, թեեւ մեր երկրում երբ ցանկությունը կա, այդպիսի կրպակներն էլ շատ արագ նկատվում են»: