Երեկվանից Հայաստանում օգտագործված փամփերսի հոտ է գալիս, քանի որ իշխող «Իմ քայլը» դաշինքի մանուկները վախեցել են, որ քեռի Ռոբերտը (ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյան - խմբ.) կգա ու նրանց «բո-բո» կանի: Այս մասին փետրվարի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը:
Ավելին, ըստ նրան հասանելի տեղեկատվության, Հայաստանում արտահերթ ընտրությունները կանցկացվեն այս տարվա մայիսին, սակայն Գրիգորյանը կոնկրետ ամսաթիվ չի նշել, քանի դեռ այն որոշված չէ:
«Հայաստանում ընտրություններ, միեւնույն է, կլինեն, քանի որ Ռուսաստանում այդպես են որոշել: Ռուսաստանը թքած ունի, թե ինչ է որոշել իշխող «Իմ քայլը» դաշինքը: Ռուսաստանը Ռոբերտ Քոչարյանի բերանով երկու օր առաջ հայտարարեց, որ Հայաստանում կանցկացվեն ընտրություններ, որոնց կմասնակցի երկու դաշինք: Մեկը կներկայացնի ինքը՝ Քոչարյանը, քանի որ ի դեմս Վազգեն Մանուկյանի նախագիծը ինչ-որ պատճառներով տապալվեց, իսկ երկրորդը կգլխավորի Փաշինյանը: Ես դրանում համոզված եմ, քանի որ Քոչարյանը թռավ Մոսկվա, այնուհետեւ հարցազրույց տվեց Sputnik լրատվական գործակալությանը»,- ասաց Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ «Իմ քայլը» իշխող դաշինքի խորհրդարանական խմբակցության պատգամավորները փետրվարի 7-ին հանդիպել էին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումից հետո տարածվել է հաղորդագրություն, որում խորհրդարանական մեծամասնությունը նշել է, որ «արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, բնակչության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրություններ անցկացնելու հասարակական պատվեր»:




























