Մոսկվան ԵՄ-ի հետ հարաբերությունների սառեցման նախաձեռնող չի եղել եւ տրամադրված է կարգավորել առանձին ոլորտներում փոխգործակցությունը, եթե երկխոսության օրակարգը չի զոհաբերվում աշխարհաքաղաքական շահերին, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ուշադրություն դարձրեցի այն փաստին, որ փետրվարի 4-6-ը Մոսկվա կատարած այցից հետո ԵՄ բարձր ներկայացուցիչը իր բլոգում հրապարակել է մի շարք մեկնաբանություններ: Դրանցից մեկում նա դեպքը ներկայացնում է այնպես, կարծես «Ռուսաստանը արագորեն հեռանում է Եվրոպայից»: (Ժոզեպ) Բորելի հետ Մոսկվայում ունեցած բանակցությունների ընթացքում ես խոսել եմ հենց Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների համակարգային կառուցման կարեւորության մասին»: Նախարարը նշել է, որ 2014-ին «ԵՄ-ն ինքն է տապալել տարիների ընթացքում մեր երկրի հետ բծախնդրորեն ստեղծված բազմաչափ կապերի ճարտարապետությունը»: «Հիշեցնեմ, որ հիմնական պատճառը Եվրամիության աջակցությունն էր Ուկրաինայում հակասահմանադրական հեղաշրջմանը, որը վառ արտահայտված հակառուսաստանյան, հակառուսական երանգ ուներ։ Արդյունքում դադարեցվեցին Ռուսաստան-ԵՄ գագաթաժողովները, որոնք անցկացվում էին տարին երկու անգամ, եւ Ռուսաստանի կառավարության հանդիպումները Եվրահանձնաժողովի հետ: Սառեցվեցին ԵՄ-Ռուսաստան Գործընկերության մշտական խորհրդի եւ երկու տասնյակ ոլորտային երկխոսություններ: Ավելի վաղ, Ուկրաինայում պետական հեղաշրջումից շատ առաջ, ԵՄ անդամ առանձին երկրների պնդմամբ, ընդհատվել էր Ռուսաստանի եւ ԵՄ քաղաքացիների կարճաժամկետ առանց վիզայի ճանապարհորդության մասին համաձայնագրի նախագծի շուրջ աշխատանքը»,- ասել է ՌԴ նախարարը:
Նրա խոսքով՝ 2004 թվականից, երբ Բալթյան երկրները լրացրեցին ԵՄ կազմը, այնտեղ բնակվող ռուսախոս բնակչության նկատմամբ առկա է բացահայտ ու հետեւողական խտրականություն: «Բանական հարց է ծագում՝ ո՞վ է ումից հեռանում: Միգուցե հենց Եվրամիությունն է վանում Ռուսաստանը, ռուսաց լեզուն եւ մշակույթը: Ինչ վերաբերում է ռուսական կողմին, մենք Մոսկվայում բանակցություններում եւս մեկ անգամ վերահաստատեցինք Եվրամիության հետ հարաբերությունների ողջ շրջանակը կարգավորելու մեր նպատակաուղղվածությունը` հիմնված ոչ թե միակողմանի պահանջների, այլ փոխադարձ հարգանքի եւ միմյանց շահերը հաշվի առնելու վրա»,- ասել է Լավրովը:
«Նման մոտեցման դեպքում մենք պատրաստ ենք նաեւ փոխգործակցության որոշակի ոլորտներում, որտեղ մեր շահերը համընկնում են: Ի դեպ, Մոսկվայում համաձայնեցվել են համագործակցության խորացման այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են առողջապահությունը, գիտությունն ու տեխնոլոգիան, կլիմայի փոփոխությունը: Եթե հավելենք էներգետիկ ոլորտի առանցքային ավանդական ուղղությունը, ապա մենք կստանանք փոխշահավետ բավականին լուրջ օրակարգ, եթե չզոհաբերենք այն աշխարհաքաղաքական խաղերին»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը:





























