Կառավարության այսօրվա` հունիսի 10-ի նիստում անդրադարձ եղավ բանակից զորացրվածների համար պետպատվերի շրջանակներում անվճար տեղեր հատկացնելու խնդրին:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարության սույն որոշումը մեծ արձագանք է գտել, եւ դրական է գնահատվել քաղաքացիների կողմից: «Անհրաժեշտ է մեր ֆինանսական ռեսուրսներից միջոցներ հայթայթել եւ ուղղել այդ նպատակին` ծրագիրն ավելի ընդլայնելու նպատակով»,- ասաց Տ. Սարգսյանը:

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ կառավարությունն իր նախորդ որոշումներից մեկով 99 տեղ էր հատկացրել բանակից զորակոչվածների մագիստրատուրական կրթությունն ապահովելու նպատակով: Խոսքը վերաբերում է այն ուսանողներին, որոնք ավարտել են բակալավրիատը, եւ զորացրվելուց հետո ցանկություն ունեն ուսումը շարունակել մագիստրատուրայում: Ընդ որում`այդ դեպքում պետպատվերից կարող են օգտվել նաեւ այն ուսանողները, որոնք բուհ են ընդունվել վճարովի հիմունքներով: Արտոնությունը չի տարածվում նրանց վրա, որոնք բանակ զորակոչվելուց առաջ ունեցել են ցածր առաջադիմություն եւ վատ կարգապահություն:

Բանակից զորացրված տղաները պետպատվերից օգտվելու համար կարող են դիմել մինչեւ օգոստոսի 15-ը: Կառավարությունը նախատեսում է լրացուցիչ 20-25 տեղ եւս ավելացնել այդ ծրագրում: Ըստ Ա. Աշոտյանի` յուրաքանչյուր ուսանողի գծով պետպատվերի միջինացված ծախսը տարեկան 300 հազ. դրամ է: