Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատավարությանը քննարկվում է տուժող ճանաչելու մասին միջնորդությունը:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ դեռեւս 2019 թվականին դատարան է ներկայացվել Բաբկեն Մկրտչյանին տուժող ճանաչելու մասին միջնորդությունը: Միջնորդությունը ներկայացրել է Մկրտչյանի ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը: Հաշվի առնելով, որ այսօր նրանք ներկա են, դատարանը որոշել է միջնորդությունը քննել:

Միջնորդությունը դատարան է ներկայացվել գրավոր: Սկզբում, ծավալուն փաստաթուղթը չկրկնելու համար, հրապարակվել է դրա բովանդակությունը: Մկրտչյանի ներկայացուցչի խոսքով՝ իր վստահորդը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ տուժած ոստիկաններից մեկն է: Մկրտչյանը հիմնական գործով եւս տուժող է հանդես գալիս:

Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը միջնորդությանը ծանոթանալու հնարավորություն խնդրեց, քանի որ փոքր-ինչ տարօրինակ է, որ տուժողն ուշացումով որոշել է միջնորդել կարգավիճակի փոփոխության մասին: Մյուս փաստաբանները գործընկերոջն աջակցեցին: Արդյունքում փաստաթուղթն, այնուամենայնիվ, հրապարակվեց:

Միջնորդության մեջ նշվում է, որ վստահորդը հիմնական գործով անցնում է որպես տուժող, սակայն անջատված մասում, չգիտես ինչու, վկայի է վերածվել: Մկրտչյանի ներկայացուցիչ Զորայր Հարությունյանը շեշտեց, որ կարգավիճակի անհասկանալի եւ անթույլատրելի փոփոխությունը կարող է խոչընդոտ դառնալ արդարադատության իրականացման համար: Նա միաժամանակ հիշեցրեց, որ Քրեական դատավարության օրենսգրքով հարցը լուծվում է եռօրյա ժամկետում, այլ ոչ թե 1,5 տարի հետո:

Փաստաբան Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ խոսքը մեղադրող կողմի ներկայացուցչի մասին է, եւ ստացվում է, որ մեղադրանքի կողմը լրացուցիչ նախապատվություններ ունի: Դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ ինքը միջնորդության դեմ առարկություններ չունի, սակայն իրեն հասկանալի է, թե փաստաբանը խոսքն ուր է տանում: «Երբ մեզ համար հստակ է ընդդիմախոսի դիրքորոշումը, մեզ համար հեշտ է արտահայտել մեր դիրքորոշումը: Նրանք առարկություններ չունեն: Այս դեպքում մենք եւս չունենք: Իսկ եթե նրանք հիմնավորված առարկություններ ունենային, մենք եւս կներկայացնեինք մեր առարկությունները»,- նշեց փաստաբանը:

Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանն արձանագրեց ի սկզբանե գործողությունների սխալ լինելը, եւ որ այս գործով ընդհանրապես չի կարող տուժող լինել: «Մեզ համար այդպես էլ հասկանալի չէ, թե քննիչն ինչ սկուզբունքով է կազմել գործով անցնող տուժողների ցուցակը, եւ դատախազն այն հաստատել է: Եթե ամեն ինչ իրավաչափ լիներ, գործով տուժողներ չէին կարող լինել»,- շեշտեց փաստաբանը՝ հավելելով, որ իր համար անհասկանալի է, թե որտեղ եւ ինչ հանգամանքներում է տուժողը մարմնական վնասվածքներ ստացել:

Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը նույնպես նշեց կոնկրետության բացակայությունը, թե Մկրտչյանը որտեղ եւ երբ է տուժել: «Իսկ ընդհանուր առմամբ ես պնդում եմ, որ այս գործով տուժողներ չեն կարող լինել»,- նշեց փաստաբանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանն արձանագրեց միջնորդությունները քննելու ժամկետների լիակատար խախտումը եւ հիշեցրեց իր գործընկեր Ալումյանի միջնորդությունը տուժողների հարցի վերաբերյալ: Քոչարյանի փաստբան Արամ Օրբելյանը բարձրաձայնեց առարկությունների բացակայության վերաբերյալ ոչ մեծ դիտողություն: «Մենք կարծում ենք, որ գործով տուժողներ չեն կարող լինել: Բայց դատարանն այլ կարծիքի է: Հարցը վեճի առարկա չդարձնելու համար մենք առարկություններ չենք հայտնել: Մեր դիրքորոշումն այն է, որ գործով տուժողներ չեն կարող լինել: Բայց եթե ինչ-որ մեկը տուժողի կարգավիճակ ունի մենք միջնորդության դեմ չենք առարկում»,- հայտարարեց Օրբելյանը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ իր գործընկերները չափազանց մեղմ են արտահայտվում, իսկ հարցն ավելի կոշտ արձագանք է պահանջում: «Համանման հանգամանքներում վերաբերմունքը երկակի է: Կա՛մ սա վրիպում է, կա՛մ դիտավորություն: Բայց փաստն այն է, որ իրավունքները խախտվել են արդեն 1,5 տարի»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ ինքն անձամբ ակնհայտ է համարում դիտավորությունը:

Փաստաբանը երկակի վերաբերմունքը բացատրում է գործի ցանկալի եւ անցանկալի ֆիգուրանտներով: «Մենք տեսնում ենք, որ մարդը ցանկանում է մասնակցել դատավարությանը, նրան դա թույլ չեն տալիս, այդ թվում՝ Դուք: Եթե Դուք բավարարեք միջնորդությունը, ստացվում է, որ իրավունքները խախտվել են: Եթե չբավարարեք, դա անարդարացի կլինի տուժածների հանդեպ հավասար վերաբերմունքի տեսակետից: Այս գործով չեն կարող լինել տուժողներ, եւ դատարանը ցանկացած դեպքում սխալ է թույլ տալիս»,- նշեց փաստաբանը:

Արմեն Գեւորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը նույնպես հիշեցրեց, որ գործով չեն քննվում սպանության կամ մարմնական վնասվածքների փաստեր, համապատասխանաբար՝ տուժողներ էլ չեն կարող լինել:

«Քննչական մարմինը ցուցադրում է ընտրողական մոտեցում: Ստացվում է, որ Մկրտչյանի մասնակցությունն իրեն ձեռնտու չէր: Մենք նախկինում էլ ենք ասել, որ քննությունն օբյեկտիվ չի եղել»,- հայտարարեց փաստաբանը:

Կողմերին լսելով՝ դատավորը նշեց, որ դատարանը չի կարող միջնորդությամբ որոշում ընդունել մինչեւ գործի ըստ էության քննումը: Արդյունքում դատարանը միջնորդության քննությունը հետաձգեց մինչեւ բոլոր ապացույցները քննելը: Հաշվի առնելով, որ վկաները չեն կարող գտնվել դատարանի դահլիճում, դատավորը Մկրտչյանին խնդրեց դահլիճից հեռանալ: Մկրտչյանի ներկայացուցիչ Հարությունյանը փորձեց արտահայտվել: «Ինձ համար ակնհայտ է, որ միջնորդության քննությունը անորոշ ժամկետով հետաձգվում է: Դատավարությունն ընթանում է արդեն երկու տարի: Այս հանգամանքներում միջնորդության քննության հետաձգումը զգալի վնաս կհասցնի եւ կդառնա իմ վստահորդի իրավունքների խախտման պատճառ: Ձեր գործողություններն անօրինական են»,- հեռանալուց առաջ հայտարարեց Հարությունյանը: