Քաղաքաշինության նախարարության կողմից Գյումրիում  վերսկսվել է դեռ նախորդ տարի Մուշ-2 թաղամասում բաշխված բնակարանների անվճար սեփականաշնորհման գործընթացը:

«Շիրակ Կենտրոնից» NEWS.am-ին հայտնում են, որ 5-ամսյա դադարը հիմնականում կապված էր ՀՀ պետբյուջեից բնակարանների նոտարական եւ կադաստրային ձեւակերպումների համար նախատեսված գումարների փոխանցումների ձգձգման հետ: Այսօրվանից «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի աշխատակիցների կողմից հեռախոսազանգերի միջոցով, ըստ շենքերի հերթականության իրազեկվում են սեփականաշնորհման ենթակա բնակարանների տերերը: Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Գյումրիի նոտարական գրասենյակ պետք է ներկայանան Մուշ-2 թաղամասի N 24 շենքի բնակիչները, իսկ N 29 շենքի բնակիչները` երեքշաբթի օրը ժամը 15:00-ին:

Նշենք, որ բնակարանների սեփականաշնորհմանը կարող են մասնակցել միայն այն ընտանիքները, ովքեր ունեն ժամանակավոր կացարանների քանդման տեղեկանքներ: Ընտանիքները պետք է ներկայանան ամբողջ կազմով կամ բացակա անդամների կողմից տրված լիազորագրերով: Ի դեպ, ի տարբերություն աղետի գոտում նախորդ տարիներին իրականացված բնակարանային ապահովման ծրագրերի, բնակարանների օտարման որոշակի ժամանակային (ասենք`3-ից 5 տարի) արգելք չկա, եւ նախորդ փուլում բնակարանները սեփականաշնորհած տասնյակ ընտանիքներ արդեն  օտարել են դրանք: