Նախօրեին տեղեկացրել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում Մոսկվա մեկնող քաղաքացու եւ փաթեթավորում իրականացնող աշխատակցի միջեւ վիճաբանություն էր տեղի ունեցել, երբ պարզվել էր, որ ճամպրուկն օդանավակայան պետք է բերվեր առանց փաթեթավորման։

Նշենք, որ ուղեւորը NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ տեղյակ չի եղել, որ ճամպրուկն օդանավակայան պետք է բերել առանց փաթեթավորման, որպեսզի այն ախտահանեն։

NEWS.am-ի հետ զրույցում վիճաբանության մասին պատմեց նաեւ փաթեթավորող Արտյոմ Ամիրյանը։

«Երբ ուղեւորը օդանավակայանի դռներից ներս է մտնում դրված է ախտահանման սարք, որը ճամպրուկները պարտադիր ախտահանում է։ Կա այդ գործողության համար նաեւ աշխատակից։ Ախտահանված ճամպրուկների վրա ամրացվում է ցուցանակ, թե այն արդեն ախտահանված է, այդ գործողությունն էլ փաթեթավորման հետ միասին ես եմ անում։ Այդ օրը ախտահանում իրականացնող այդ աշխատակիցը կարճ ժամանակով բացակայում էր այդտեղից, ես մի պահ կանգնեցի իր տեղում։ Երբ այդ ուղեւորը փորձում էր փաթեթավորած ճամպրուկով անցնել, ես նրան ասացի՝ հարգելի ուղեւոր մի րոպե կանգնեք, առաջ մի գնացեք, հիմա աշխատակիցը կգա եւ կջերմաչափի ձեզ, հետո ձեր ճամպրուկը պետք է այն սարքով ախտահանվի, այդ պատճառով ճամպրուկի վրայի պոլիէթիլենը պետք է հանվի, հետո արդեն կարող եք առաջանալ։ Նա միանգամից վրդովվեց, թե ինչու եւ այլն։ Ես նրան ասացի՝ համավարակով պայմանավորված նոր կարգ է սահմանվել։ Նա ինձ ասում է՝ ցույց տուր այդ օրենքը, ասում եմ՝ չեմ կարող ցույց տալ։ Ես ասացի՝ սպասեք հիմա զանգահարեմ աշխատակցին, նա կգա եւ ձեզ կպարզաբանի։ Այդ պահից նա հանեց իր հեռախոսն ու սկսեց ինձ նկարել։ Ես խնդրեցի, որ ինձ չնկարի։ Հետո արդեն բորբոքվեցինք երկուսս էլ, ես չէի ուզում, որ նա ինձ նկարեր, իսկ նա էլ համառորեն ինձ նկարում էր»,- պատմեց նա։

Փաթեթավորողը պնդեց, որ այդ ուղեւորի հայտարարություններն իրականության չեն համապատասխանում. «Իր այն հայտարարությանը, թե փաթեթավորման աշխատակիցները հավաքվել ու ասել են՝ նենց կանենք, տոմսդ կկորցնես, այդպիսի բան չի եղել, իրականությանը չի համապատասխանում։ Իր այն պատմածը, թե ինձ հարցրել է՝ ինչու ես դիմակով չեմ, ասել եմ՝ նենց տղա եմ, որ կարող եմ չդնել, սուտ է, այդպիսի բան չի եղել»։

Նա ասաց, որ այդ վիճաբանությանը միջամտել են ոստիկանության աշխատակիցները, ներկայացրել են սահմանված կարգը, այնուհետեւ ուղեւորը ճամպրուկը հանել է փաթեթավորումից։

Հարցին՝ ինչո՞ւ դիմակով չէր սպասարկում քաղաքացիներին, նա պատասխանեց, որ շնչառության հետ կապված առողջական խնդիր ունի. «Դժվար է այդ աշխատանքում դիմակ կրելը, հատկապես երբ շնչառության հետ կապված խնդիր ունեմ։ Դիմակ կրելիս շունչս կտրվում է»։