Անհիմն են որոշ մարդկանց կողմից տաածվող լուրերը, թե  «Ազատ դեմոկրատներ» նորաստեղծ կուսակցությունը ինչ-որ մեկի, առավել եւս՝ Սերժ Սարգսյանի նախագիծն է։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով «Սարդարապատ» նախաձեռնողական շարժման անդամ Ժիրայր Սեֆիլյանի՝ նախօրեին հայտնած մտքին, թե «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի նախագիծն է։

«Ցավալի է, որ որոշ մարդիկ առանց համապատասխան հիմքեր ունենալու նման անպատասխանատու հայտարարություններ են անում։ Բայց մեր առաջիկա գործողությունները եւ քայլերը կապացուցեն, որ մենք որեւէ մեկի նախագիծը չենք եւ Ժիրայր Սեֆիլյանը եւս կհամոզվի սրանում։ Հույս ունենք, որ մոտ ժամանակներս կայանալիք մեկ այլ ասուլիսում Սեֆիլյանը կհայտարարի, որ ինքն մեր կուսակցության հաշվով սխալվել է։ Ամեն բան պարզ կդառնա մեր գործունեության ընթացքում։ Եթե Սեֆիլյանը օդից նման հայտարարություններ է անում, մենք չենք փորձի հակադարձել նրան, քանի որ հակադարձելը մեր առաջնային խնդիրը չէ»,- ասաց Անուշ Սեդրակյանը։

Անդրադառնալով ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանի եւ Արարատ Զուրաբյանի անդամության հարցին՝ Սեդրակյանը նկատեց, որ առաջինի մասին  ոչինչ ասել չի կարող, իսկ Արարատ Զուրաբյանն իր կուսակցության անդամ դառնալ-չդառնալու մասին այսօր կամ վաղը կխոսի անձամբ։

Նշենք, որ նախօրեին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սեֆիլյանը հայտարարել էր, որ ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը Հայաստանի նախագահի կողմից ստեղծված նախագիծ է։

Տեղեկացնենք նաեւ, որ նորաստեղծ կուսակցության հիմնադիր համագումարը տեղի է ունեցել մայիսի 22-ին։ Կուսակցությունը դեռեւս գրանցված չէ։