«Ռոսկոսմոսը» պատրաստ է Թուրքիայի հետ քննարկել տիեզերքի ոլորտում լիաձեւաչափ համագործակցության գործարկումը, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով պետական կորպորացիայի մամուլի ծառայությանը:

«Ներկայումս ակտիվ աշխատանք է տարվում երկկողմ միջկառավարական շրջանակային փաստաթղթի պատրաստման շուրջ, որը տիեզերական գործունեության ոլորտում երկրների միջեւ համագործակցության հետագա հաջող զարգացման համար հուսալի հիմք կդնի»,- նշել են պետական կորպորացիայից:

Մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Ռոսկոսմոսը» հույս ունի մոտ ապագայում թուրքական կողմից ստանալ «կոնկրետ առաջարկներ համատեղ տիեզերական նախագծերի զարգացման, այդ թվում տիեզերական թռիչքի մասնակիցների նախապատրաստման եւ Թուրքիայի շահերի շրջանակում օդաչուավոր տիեզերական առաքելությունների կազմակերպման վերաբերյալ»:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախօրեին ներկայացնելով ազգային տիեզերական ծրագիրը՝ հայտնել էր սեփական տիեզերակայան կառուցելու, տիեզերք տիեզերագնաց ուղարկելու եւ Լուսին տիեզերական սարք արձակելու ծրագրերի մասին: Էրդողանի խոսքով՝ Թուրքիան այս հարցում միջազգային համագործակցության հույս ունի:

2019 թվականին ՄԱԿՍ ավիասրահի ժամանակ «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Թուրքիայի հետ փոխանակել տիեզերական տեխնոլոգիաները:

Նա նաեւ նշել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան բանակցություններ են սկսել թուրք տիեզերագնացի պատրաստման շուրջ ՄՏԿ ուղարկելու համար: Նա Էրդողանին այսպիսի առաջարկ էր կատարել Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների ավիասրահ այցելության ժամանակ: