Կառավարության այսօրվա` հունիսի 10-ի նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանից հետաքրքրվեց, թե արդյոք մաքսակետերում ապահովագրական ընկերություններին տարածքներ տրամադրվա՞ծ են` ԱՊՊԱ գործառույթ իրականացնելու նպատակով:
Ա. Ալավերդյանը նշեց, որ Մեղրիի մաքսատանը 2 ապահովագրական ընկերություն արդեն գործում է, սակայն Գոգավանի եւ Բագրատաշենի վերաբերյալ տեղեկություն չուներ: Սակայն նա հավաստիացրեց, որ եթե ապահովագրական ընկերությունները ոչ թե պատրաստի տարածք են ուզում, այլ հողամաս` ինքնուրույն կառուցապատելու պայմանով, ապա որեւէ խնդիր չեն ունենա:
Հիշեցնենք, որ մայիսի 12-ի կառավարության նիստում վարչապետ Տ. Սարգսյանը հայտարարեց, որ ԱՊՊԱ-ի պատճառով սահմանային անցման կետերում հերթեր են կուտակվում: Նա հանձնարարեց մարզպետներին եւ պետեկամուտների կոմիտեին՝ հնարավորինս սեղմ ժամկետում ապահովագրական ընկերություններին սահմանային կետերում ավտոտրնասպորտային միջոցների պարտադիր ապահովագրության համար համապատասխան տարածքներ հատկացնել:




























