Երեւանում հունիսի 14-ին կկայանա Ավտոտրանսպորտի միջազգային միության` (IRU) Եվրասիայի երկրների հետ կապի կոմիտեի նիստ, որին կմասնակցեն IRU-ի` ԱՊՀ անդամ երկրների նախագահները:

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանից, նիստի օրակարգում ընդգրկված են ոլորտին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` Միջազգային ճանապարհատրանսպորտային փոխադրումների համակարգի, միջազգային ավտոբեռնափոխադրումների համար Տրանսպորտի նախարարների եվրոպական կոնֆերանսի (ՏՆԵԿ)  եւ Սեւծովյան տնտեսական համագործակցության  (ՍԾՏՀ) բազմակողմ թույլտվությունների եւ քվոտաների քննարկումը:

Երեւանում ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ Ավտոտրանսպորտի միջազգային միության միջեւ կստորագրվի նաեւ Հայաստանի տարածքով Ասիայի, Եվրոպայի եւ հիմնական համաշխարհային շուկաների միջեւ ավտոտրանսպորտային փոխադրումների զարգացման մասին փոխըմբռնման հուշագիր:

IRU միջազգային կազմակերպությունը ստեղծվել է 1948թ.-ին եւ  հիմնական նպատակն է ցամաքային տրանսպորտի զարգացումն ու օպերատորների շահերի պաշտպանությունը: IRU-ի անդամներ  են աշխարհի 74 երկրների շուրջ 172 տրանսպորտային միություններ:

Հայաստանը  IRU-ի անդամ է դարձել 1999 թ.-ին: IRU-ի շրջանակներում գործում են տարբեր ուղղվածության խորհուրդներ, աշխատանքային խմբեր եւ կոմիտեներ:

Նշենք, որ  ՀՀ կառավարության 1999թ.-ի համապատասխան որոշմամբ TIR կոնվենցիայի ազգային երաշխիքային մարմին է ճանաչվել Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիան (ՀՄՓԱ) եւ նրան է  վերապահվել Հայաստանում Ավտոտրանսպորտի միջազգային միության` միջազգային ճանապարհային փոխադրումների փոխադրագրքույկներ եւ երաշխիքներ տալու իրավասությունը:

Ներկայումս ՀՄՓԱ-ի անդամ են հանդիսանում հայկական 39 կազմակերպություններ, որոնք ունեն եվրոչափանիշներին համապատասխանող շուրջ 250 բեռնատար տրանսպորտային միջոցներ: 2010թ. TIR համակարգով իրականացվել են 800-ից ավելի փոխադրումներ, սպասվում է, որ 2011թ. այդ թիվը կանցնի 1000-ից:  ՀՄՓԱ-ն առաջին TIR փոխադրագրքույկը տրամադրել է 2001թ.-ին: