Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուլեբան հարցազրույց է տվել AnalitikaUA.net-ին:

Ձերդ գերազանցություն պարոն դեսպան, ինչպե՞ս են փոխվել Ուկրաինայի եւ Հայաստանի հարաբերությունները կորոնավիրուսի եւ պատերազմի շրջանում:

Կորոնավիրուսի պանդեմիան կանգնեցրել է ամբողջ աշխարհում ներքին քաղաքական գործընթացները: Բացառություն չեն եղել նաեւ ուկրաինա-հայկական երկկողմ հարաբերությունները: Սակայն անցած տարի հունիսի 26-ին բարձր մակարդակով կայացել են քաղաքական խորհրդատվություններ Ուկրաինայի եւ Հայաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների միջեւ տեսահամաժողովի միջոցով:

Ցավոք, մեզ չի հաջողվել լիարժեք իրականացնել մեր մտադրությունները, որոնք արտացոլված էին 2019-2020թթ. Ուկրաինայի եւ Հայաստանի ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվությունների ծրագրում:

Երկու երկրների միջեւ ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել այս տարի:

Ինչպես արդեն նշեցինք, այժմ ՀՀ ԱԳՆ-ից գործընկերների հետ համատեղ մշակում ենք հեռանկարային օրակարգի հարցեր, խոսքն առաջին հերթին քաղաքական երկխոսության թարմացման, առեւտրատնտեսական, մշակութային-մարդասիրական, միջխորհրդարանական համագործակցության ակտիվացման ուղիների որոնման մասին է:

Այս տարի լրանում է Ուկրաինայի անկախության 30-ամյակը, եւ մենք մտադիր ենք մի շարք միջոցառումներ անցկացնել, մասնավորապես, խոսքը Վանաձոր քաղաքում Ուկրաինայի հյուպատոսարանի, Երեւանի թիվ 42 միջնակարգ դպրոցի շենքում Տարաս Շեւչենկոյի հուշատախտակի բացման, Լեսի Ուկրաինկայի 150-ամյակի կապակցությամբ միջոցառումների, Շեւչենկովյան օրերի, Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարանում ուկրաինալեզու աուդիոգիդի հաստատման մասին է եւ այլն:

Այս տարի լրանում է Չեռնոբիլի ողբերգության 35-րդ տարելիցը, երբ հայերն ու ուկրաինացիները կողք կողքի պայքարել են մարդկության փրկության համար:

Մենք հույս ունենք, որ Ուկրաինայի համար այս հոբելյանական տարում ՀՀ ղեկավարությունը կայցելի Ուկրաինա՝ մասնակցելու Անկախության օրվա առթիվ տոնական միջոցառումներին, որոնք տեղի կունենան Կիեւում օգոստոսի 23-24-ին:

Ինչպե՞ս է ազդում երկու երկրների սփյուռքի ակտիվությունը երկկողմ հարաբերությունների զարգացման վրա:  

Ուկրաինայի եւ Հայաստանի ժողովուրդների միջեւ հարաբերությունների պատմությունը հաշվարկվում է արդեն ավելի քան տասնյակ դար, իսկ դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել 1918 թվականին:

Այսօր Ուկրաինայում բնակվում է աշխարհում հայկական համայնքների ամենաակտիվը եւ ամենահզորը: Ընդ որում, հայերը չեն մոռանում իրենց պատմական Հայրենիքի մասին:  

Հայաստանի ուկրաինական համայնքը, իհարկե, այդքան մեծ եւ ազդեցիկ չէ, սակայն այն կա: Երեւանում մինչեւ կորոնավիրուսի տարածքումն աշխատում էր ուկրաինական կիրակնօրյա դպրոց, եւ մենք անպայման կվերսկսենք աշխատանքը պանդեմիայի ավարտից հետո:

Երեւանում գործում է նաեւ Զախիդնոուկրաինական ազգային համալսարանի գիտաուսումնական իստիտուտը:

Բարեկամական հարաբերությունների բազմադարյա պատմությունը մեզ պարտավորեցնում է շփման կետեր եւ երկխոսություն փնտրել:

2020 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում Երեւանում սկսել է գործել Ուկրաինայի հայերի միության շտաբը: Շտաբի աշխատանքային խմբի կազմում ներառվել են կազմակերպության նախագահ Վիլեն Շատվորյանը, տարածաշրջանային հայկական համայնքների նախագահները, ՈւՀՄ ներկայացուցիչները, ինչպես նաեւ կամավորներ Հայաստանի:

Ըստ Ձեզ՝ ո՞ր ոլորտները կարող են դառնալ երկու երկրների տնտեսական կապերի ակտիվացման համար լոկոմոտիվ:

Անցած տարի մեր երկկողմ առեւտրաշրջանառությունը փոքր-ինչ նվազել է, եւ, նախնական տվյալներով, կազմել 146,5 մլն դոլար՝ ընդդեմ 164,8 դոլարի 2019 թվականին: Դրա պատճառը պանդեմիան է, որը կանգնեցրել է աշխարհում տնտեսական գործընթացները:

Ցավոք, փոխշահավետ առեւտրի զարգացումը զսպվում է ուկրաինական արտադրանքի նկատմամբ սահմանափակող միջոցներով, որոնք կիրառվում են Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ի շրջանակում:

Մտադիր ենք կենտրոնանալ տնտեսական համագործակցության զարգացման նոր խորշերի որոնման վրա: Մենք ուշադիր հետեւում ենք ՀՀ կառավարության՝ IT տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ջանքերին, եւ կարծում ենք, որ այդ ուղղությունը կարող է ներուժ դառնալ երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցության զարգացման համար:

Ակնկալում ենք նաեւ, որ այս տարի կվերսկսվի տնտեսական հարցերով ուկրաինահայկական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը: