Վերջին քսան տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ փորձել են կանոնակարգել գյուղմթերքի «չկազմակերպված» առեւտուրը` ծրագրելով ստեղծել կամ մեծածախ շուկաներ կամ տոնավաճառներ:  Քանի որ մայրաքաղաքի մի շարք փողոցներ եւ բակեր սեզոնին վերածվում են ինքնագործ շուկաների` իրենց բնորոշ քաոսով

Ընդ որում` այդ «շուկաներում» գյուղմթերքը վաճառում են ինչպես ֆերմերները (շատ փոքրաթիվ), այնպես էլ վերավաճառողները (գերիշխող մեծամասնությունը): Քաղաքային իշխանությունները հերոսաբար պայքարում են դրա դեմ, սակայն գրեթե միշտ արդյունքները զրոյական են:

Տնտեսական առումով այս ամենը մեկ այլ` ավելի կարեւոր ասպեեկտ ունի: Այն, որ վերավաճառողները ֆերմերներից մթերքը գնում են, պատկերավոր ասած, գրոշներով, եւ, փոքր չափաքանակներից առավելագույն եկամուտ ստանալու համար, վաճառում են առավելագույն գներով:

Եւ ահա, որպես իրավիճակի ելք, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հերթական անգամ առաջ է քաշում մայրաքաղաքում ֆերմերների համար շուկա ստեղծելու գաղափարը, ընդ որում` ոչ թե մեկ, այլ միանգամից երեք:

Ինչպես կարելի է ենթադրել, նախագծի հեղինակները հետեւյալ վարդագույն պատկերն են ակնկալում. օրինակելի ֆերմերներն առավոտյան գալիս են տոնավաճառ, առանց միջնորդների ոչ պակաս օրինակելի երեւանցիներին վաճառում են իրենց բանջարանոցի բերքն ու բարիքը եւ ամբողջ եկամուտն ստանում են իրենք: Սակայն, ցավոք, իրականությունը շատ սուր անկյուններ ունի, որը կարող է խաթարել այդ պատկերը եւ նախագիծը կարող է կես ճամփին մնալ:

Օրինակ, հեռավոր շրջաններից եկած ֆերմերները մեծ  քանակի մթերքը վաճառելու համար պետք է գիշերեն քաղաքում: Եւ հարց է առաջանում, թե որտեղ: Երեւանյան հյուրանոցում, մայիսի տվյալներով, ֆերմերի համար մեկ գիշերն անցկացնելը կարժենա 62,5 հազար դրամ:

Այսպիսով, ֆերմերը պետք է հասցնի մեկ օրում վաճառել մթերքը, որպեսզի նույն օրը վերադառնա: Իսկ երաշխիք չկա, որ նրան կհաջողվի ամբողջությամբ վաճառել բերվածը, եւ, շատ հնարավոր է, որ նրանք նորից դիմեն վերավաճառողի օգնությանը: Այնպես որ բացառված չէ, որ տոնավաճառի տաղավարներում նորից կհայտնվեն նույն վերավաճառողները` արդեն ֆերմերի դիմակով: Իսկ վերահսկողության խստացումը կհանգեցնի կաշառքի…

Գյուղմթերքի մեծածախ առեւտրի կանոնակարգումը բախվում է երկու լուրջ խնդրի: Առաջինը կապված է գյուղից քաղաք ապրանքաշրջանառության շղթայի բացակայության հետ: Այսինքն, չկան  գյուղմթերքի մեծածախ առք ու վաճառքով զբաղվող ընկերություններ:

Այս խնդիրը ինչ-որ չափով կկորցներ իր նշանակությունը, եթե լուծվեր երկրորդ` ֆերմերների կոոպերացիայի խնդիրը, որը հնարավորություն կտա մթերքն առաքել առեւտրի մանրածախ կետերին (այդ թվում` սուպերմարկետներին) ուղիղ պայմանագրի, օրինակ` կոնտրակտացիայի պայմանագրի միջոցով:

Մեզանում այդպիսի պայմանագրեր կնքվում են մթերման, հատկապես` խաղողի մթերման ժամանակ, սակայն առեւտրայի ձեռնարկությունների հետ այդպիսիք գոյություն չունեն:

Օրերես բարձրաձայնելով վերոնշյալ գաղափարը` գյուղատնտեսության փոխնախարարը բերեց եվրոպական երկրներում նմանատիպ տոնավաճառների օրինակը` չհաստակեցնելով կոնկրետ երկրները:

Պետք է նշել, որ Եվրամիության տնտեսապես զարգացած երկրներում գյուղմթերքը, որպես կանոն, իրացվում է մասնագիտացված մանրածախ խանութների եւ սուպերմարկետների միջոցով:  Եւ միայն վաճառքով անձամբ զբաղվելու առանձին սիրահարներ են իրենց արտադրանքն առաջարկում այդ նպատակի համար նախատեսված վայրերում, այսինքն` տոնավաճառներում: