ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը Գեսենի եւ Գրայֆսվալդի համալսարանների պատվիրակության հետ (պատվիրակություն գլխավորում է պրոֆեսոր Հանս-Ռուդոլֆ Թինենբերգը), քննարկել է կրթության եւ առողջապահության ոլորտում համագործակցության խնդիրները:
ԱԱԽ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանում ԵՄ Արեւելյան Գործընկերության շրջանակներում տարբեր ուղղություններով իրականացվում են բարեփոխումներ, այդ թվում նաեւ կրթության եւ առողջապահության ոլորտներում: Շեշտելով այս ոլորտում Գերմանիայի առաջատար փորձը` ԱԱԽ քարտուղարը կարեւորել է գերմանացի մասնագետների այցը եւ փորձի փոխանակումը:
Հյուրերն ընդգծել են, որ Արեւելյան Գործընկերությունը լավ հնարավորություն է տալիս խորացնելու գործակցությունը Հայաստանի հետ եւ պատրաստակամություն են հայտնել ըստ ամենայնի աջակցել բարեփոխումների գործընթացին` ցուցաբերելով անհրաժեշտ տեխնիկական եւ փորձագիտական աջակցություն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել դասախոսների եւ ուսանողների փոխայցելություններ կազմակերպելու, ինչպես նաեւ համատեղ կրթական ծրագրերի իրականացման շուրջ:




























