Թեեւ Շիրակում մարզային հեռուստաընկերություններով երեք ամիս շարունակ հայտարարություններ են հեռարձակվում, ինչպես նաեւ նամակագրության  տեսքով ծանուցագրեր են ուղարկվել Գյումրիի անօթեւանների հերթացուցակում հաշվառված շուրջ 3000 եւ Ախուրյանում` 182 ընտանիքների հասցեներով, սակայն մինչեւ օրս Գյումրիում անհրաժեշտ փաստաթղթեր չեն ներկայացրել շուրջ 1200, իսկ Ախուրյանում  50 ընտանիքներ:

Բանն այն է, որ շահառուներից փաստաթղթերի ընդունման կոնկրետ վերջնաժամկետ նշված չէ:

Այս առնչությամբ, «Շիրակ Կենտրոնից» NEWS.am-ին հայտնում են, որ եթե նախորդ տարի հարյուրավոր անօթեւան ընտանիքների կողմից բնակարան ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելու հիմնական պատճառն այն էր, որ հարյուրավոր անօթեւան ընտանիքներ չէին կարող  փաստաթղթերը համալրել ընտանիքներում բացակա անդամներ ունենալու կամ ընտանիքների բազմանդամության պատճառով, ապա ընթացիկ տարում ՀՀ կառավարության համապատասխան որոշումներում փոփոխություններ կատարելուց հետո նման պատճառաբանություններն այլեւս հիմք չունեն: Կատարված փոփոխություններով հնարավորություն է տրվել բացակա անդամների մասին համապատասխան հայտարարություն ներկայացնելով եւ որոշակի պարտավորություն ստանձնելով ստանալ բնակարան, իսկ բազմանդամ ընտանիքներն էլ այլեւս կարող են բնակարաններ ստանալ եւ դրանք սեփականաշնորհել առանց տնակներից մեկը հանձնելու:

«Այնուամենայնիվ, մեր դիտարկումներով` անօթեւան ընտանիքների կողմից բնակարաններ ստանալու համար ներկայումս անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելն ունի հիմնականում 3 պատճառ: Առաջին պատճառն այն է, որ նրանցից շատերը ամբողջ ընտանիքով բացակայում են Հայաստանից, երկրորդը` ընտանիքներում կա անհամաձայնություն ստանալիք բնակարանի պատկանելիության վերաբերյալ, երրորդը` տվյալ շահառուները տարբեր ճանապարհներով եւ հիմնականում օրենքը շրջանցելով ընդգրկվել են անօթեւանների հերթացուցակում, ուստի ներկայումս, երբ բնակբաշխումն ընթանում է օրենքի սահմաններում, խուսափում են մերժվելու հեռանկարից, հավանաբար սպասելով «հարմար ժամանակների»,- նշել է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն: