Միլիարդատեր Բիլ Գեյթսը նշել է, որ չի պատրաստվում հետեւել Իլոն Մասկի եւ Ջեֆ Բեզոսի օրինակին ու միլիարդավոր դոլարներ ծախսել այլ մոլորակներում բնակավայրեր ստեղելու համար տիեզերական տեխնոլոգիաների զարգացման վրա:

«Չեմ կարծում, որ հրթիռները լուծում են: Բայց միգուցե ինչ-որ բան բաց եմ թողնում»,- ասել է նա լրագրող Կարա Սվիշերի Sway կայքում:

Գեյթսը նշել է, որ ձգտում է իր հարստությունը եւ իր հիմնադրամի միջոցները օգտագործել ուղղակիորեն Երկրի վրա մարդկության խնդիրները լուծելու համար եւ չի ուզում դեպի տիեզերք որպես զբոսաշրջիկ գնալու համար տոմս գնել: «Ես չեմ պատրաստվում դրա համար մեծ գումարներ վճարել, քանի որ իմ հիմնադրամը կարող է այն օգտագործել կարմրուկի պատվաստանյութ գնելու եւ 1000 դոլարով մեկի կյանքը փրկելու համար»,- ասել է միլիարդատերը: Նա ընդգծել է, որ ցանկացած բիզնեսում ինքը նախ եւ առաջ մտածում է. «Լավ, բայց այս 1000 դոլարը կարելի է ծախսել կարմրուկի պատվաստանյութ գնելու համար», գրում է Forbes-ը:

Գեյթսի խոսքով՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարը եւ արտանետումների կրճատումը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն այն ոլորտների վրա, որոնք ավելի դժվար է կանաչապատել, օրինակ՝ պողպատի, մսի եւ ցեմենտի արտադրությունը: Իսկ Tesla-ն բնապահպանության համար պայքարում ավելի շատ հաջողություններ ունի, բայց դրանք ձեռք են բերվել թեթեւ իրերում, ինչպիսին մարդատար ավտոմեքենաներն են»,- ասել է միլիարդատերը:

Միաժամանակ Գեյթսն ընդգծել է, որ Իլոն Մասկին թերագնահատելը վատ գաղափար է: «Այն, ինչ Իլոնն արել է Tesla- ի հետ, պատմության մեջ կլիմայի պահպանման ամենամեծ ներդրումն է»,- պարզաբանել է միլիարդատերը:

Իլոն Մասկն ակնկալում է, որ իր SpaceX ընկերության ստեղծած հրթիռները կօգնեն ավելի քան 1 միլիոն մարդու մինչ 2050 թվականը տեղափոխել Մարս՝ Երկրի վրա ապոկալիպսիսը հաղթահարելու համար: «Մենք կարող ենք փոխել կլիմայական պայմանները Մարսի վրա եւ այն ավելի նմանեցնել Երկրին»,- 2020 թվականի մայիսին ասել է նա Forbes-ին: «Մարս, մենք գալիս ենք»,- 2021 թվականի նոյեմբերին Starship տիեզերանավի նախատիպը փորձարկելուց հետո Twitter-ում գրել էր Մասկը: SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը կարծում է, որ Starship հրթիռը կարող է առաջին անգամ դեպի Մարս գնալ 2024 թվականին:

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը ակնկալում է, որ իր Blue Origin հրթիռները հիմք կստեղծեն Լուսնի եւ տիեզերական գաղութների վրա, որտեղ կարող է տեղավորվել մինչեւ 1 տրիլիոն մարդ: Դեպի Լուսին New Shepard հրթիռակրի եւ տիեզերանավի թռիչքը՝ մարդկանց հետ միասին, նախատեսված է 2021 թվականի ապրիլին: