Հունիսի 12 -ին լրանում է Հայաստանի եւ Արցախի ազգային հերոս Մոնթե (Ավո) Մելքոնյանի մահվան 18-րդ տարելիցը:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957թ. Ֆրեզնոյի մոտ գտնվող Վարսելիա քաղաքում: Ավարտել է Բերկլիի համալսարանը, պատմական գիտությունների թեկնածու էր, տիրապետում էր յոթ լեզվի:

Անցած դարի 70-ականներին Մոնթեն Լիբանանում մասնակցել է քաղաքացիական պատերազմին, 1980 թ. անդամակցել է Հայաստանի ազատագրման հայ գաղտնի բանակին (ASALA):

Առաջին անգամ գալով Արցախ 1991թ. սեպտեմբերին` բառացիորեն հաջորդ օրը Մոնթեն  ընդգրկվում է Շահումյանի շրջանի  Բուզլուխ, Մանաշիդ, Էրքեջ գյուղերի մարտերում:  Նա ղեկավարում է Կոռնիձորի ջոկատը, իսկ հետո` Մարտունու պաշտպանական շրջանը:

Մոնթեն մասնակցել է ԼՂՀ գրեթե բոլոր շրջանների պաշտապանական եւ ազատագրական մարտերին` նվաճելով համազգային սեր եւ հարգանք: Նրան են պատկանում խոսքերը` «Եթե մենք կորցնենք Արցախը, կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»:

1993թ. հունիսի  12 -ին Մարզիլի գյուղում Մոնթեն եւ նրա զինվորները  բախվում են զրահամեքենայի եւ ադրբեջանական զինվորական ստորաբաժանումների հետ, մարտի ժամանակ Մոնթեն զոհվում է:

ԼՂՀ-ի պաշտպանության կազմակերպման եւ բացառիկ ծառայությունների, ցուցաբերած արիության համար Մոնթե Մելքոնյանը հետմահու արժանանում է ԼՂՀ բարձրագույն` «Արացխի հերոս» կոչման` դառնալով «Ոսկե արծիվի» շքանշանակիր:

Մոնթե Մելքոնյանի աճյունն ամփոփված է Եռաբլուր պանթեոնում:

Գեներալ-մայոր Արկադի Տեր- Թադեւոսյանն (Կոմանդոս)  այսպես է բնորոշել հերոսին. «Մոնթեն այն լավագույն լիդերներից էր, ով իր խարիզմայի շնորհիվ  կարողացավ  մեկ ղեկավարության ներքո միավորել Լեռնային Ղարաբաղը պաշտապանող հրամանատարներին»:

Տեր- Թադեւոսյանի խոսքով` Մոնթեի համար գոյություն չուներ  «նահանջ» բառը:  « Այնտեղ, որտեղ պաշտպանելու խնդիր էր դրված,  Մոնթեի ջոկատին հաջողվում էր ոչ միայն պաշտպանել, այլ նոր տարածք ազատագրել: Նա ռազմական ռազմավարություն էր մշակում անհրաժեշտ քանակությամբ զենքի բացակայության պարագայում, եւ դա նրան հաջողվում էր, քանի որ նրա ռազմավարությունը ձեւավորվել էր մարտում»: