Մահմեդական արմատականները հազիվ թե իշխանության գան Սիրիայում, սակայն հնրավոր է, որ նրանց գործողությունների արդյունքում երկրում քաոս տիրի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կանխատեսում արեց Սիրիայում Հայաստանի նախկին դեսպան, արեւելագետ Դավիթ Հովհաննիսյանը:
Նրա խոսքով` վերջին տարիներին Սիրիայում ներքաղաքական կայունությունը պահպանվում էր շնորհիվ ավտորիտարիզմի, որն աջակցվում էր հատուկ ծառայությունների լավ զարգացած կառուցվածքով:
«Եթե մահմեդական արմատականների գործողությունների արդյունքում Սիրիայում ավտորիտար կառուցվածքը սասանվի, երկրում քաոս կտիրի»,- բացատրեց փորձագետը` ավելացնելով, որ սա իր հերթին կբերի նրան, որ կսասանվի ողջ տարածաշրջանում հավասարակշռություն ապահովող Սիրիա- Իրան տանդեմը:
Հովհաննիսյանը նկատեց, որ Սիրիայում մահամեդական արմատականների ակտիվացմանը նպաստել է այն, որ նրանց պարագլուխներին հաջողվել է հայտնվել երկրի տարածքում, որոնք մինչ այդ երկրում չէին:
Միաժամանակ փորձագետը բացառել է Սիրիայում գերտերությունների կողմից ռազմական գործողությունների իրականացումը` նկատելով, որ արմատականների իշխանության վերադարձը նաեւ նրանց ձեռնտու չէ:




























