19 տարի առաջ հունիսի 13-ին Շահումյանի շրջանի եւ 20 տարի առաջ Գետաշենի ենթաշրջանի 21 հազար բնակչությունը Ադրբեջանի հրոսակների կողմից բռնի ուժով տեղահանվել է: Այս մասին այսօր` հունիսի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Շահումյան-Գետաշեն հայրենակցական միության նախագահ Էդիկ Բալայանը: Նրա խոսքով` Հյուսիսային Արցախի 18 հայկական գյուղերը բռնազավթվեցին ադրբեջանցիների կողմից եւ այժմ էլ օկուպացված են ադրբեջանական զինված ուժերի կողմից: «Գետաշենը եւ Շահումյանը նույն ծրագրի երկու տարբեր փուլերն են, որոնց նպատակը հայկական բնակավայրերից բնակչությանը բռնի ուժով վտարելն էր: Նրանց նպատակն էր թուլացնել Լեռնային Ղարաբաղաի ակտիվությունը, էթնիկ զտում կատարել»,- ասաց նա:

Էդիկ Բալայանը նշեց, որ ադրբեջանցիներին մեծապես աջակցում էին Խորհրդային Միության Անդրկովկասյան ռազմական օկրուգի 4-րդ բանակի ստորաբաժանումներն ու վարձկանները, այլապես եթե չլիներ այս զորեղ ռազմական  աջակցությունը, Շուշիի գրավումից հետո բարոյալքված ադրբեջանական ուժերը հազիվ թե կարողանային գրավել Շահումյանը: «Բռնագաղթից անցել է 19 տարի, սակայն բռնագաղթածների մի զգալի մասը գտնվում է սոցիալական ծանր պայմաններում, նրանցից շատերը դեռեւս բնակվում են ժամանակավոր կացարաններում, աշխատանքի շուկայում անհնար է աշխատանք գտնելը, գրեթե մոռացության է տրվել անհետ կորածների հարցը»,- ասաց Էդիկ Բալայանը` շեշտելով, որ Մինսկի խմբի բանակցություններում տեսանելի չէ Հյուսիսային Արցախի խնդիրը եւ փախստականների վերադարձի հարցը: