«Մի քանիսը սպասում են, որ ես մեռնեմ, բայց ասեմ, որ ես նրանց սպասելիքները չեմ արդարացնելու»,-NEWS.am-ի թղթակցի հետ հեռախոսազրույցում հայտարարեց երիտասարդ գրող եւ բլոգեր Սեւակ Գեւորգյանը` մեկնաբանելով իր ինքնասպանության մասին մամուլի տեղեկությունները:
Նա նշեց, որ իր մահվան մասին խոսակցություններին տեղեկացել է այսօր` հունիսի 13-ի առավոտյան, եւ շնորհակալություն հայտնեց NEWS.am-ին` տեղեկությունը ճշտելու եւ հերքելու համար: «Հայաստանյան լրատվամիջոցներից շատերը կայացած չեն եւ սենսացիաների համար ամեն ինչ անում են: Նույնն արել են նաեւ իմ անձնական ողբերգության հետ կապված, նկարներ են դնում` այլ քաղաքական ենթատեքստով եւ այլն: Ես այդ ամենից տեղյակ չեմ ու ոչ մի կապ էլ չունեմ»,-հայտարարեց Գեւորգյանը: Նա նաեւ նշեց, որ «չուզողություն անող» շատ մարդիկ կան, ում ձեռք է տալիս իր մասին ամեն տեսակ լուրերի տարածումը:
Նշենք նաեւ, որ լրատվամիջոցներից մեկի հրապարակման համաձայն, երեկ` հունիսի 12-ի առավոտյան Քանաքեռ-Զեյթունի գերեզմանատանը ոստիկանությունը երիտասարդի դիակ էր հայտնաբերել: Ըստ հրապարակման` պարզվել էր, որ ինքնասպանություն գործածը եղել է 24-ամյա գրող Սեւակ Գեւորգյանը: «Նախնական վարկածով` մահը վրա է հասել առավոտյան 06:15-ի սահմաններում՝ դեղորայքային թունավորումից: Դեպքի վայրում գտնվել է «Դիմեդրոլ» տեսակի դեղահաբերի 14 դատարկ տուփ, կոնյակի կիսադատարկ շիշ եւ գրություն, որի բովանդակությունն առայժմ գաղտնի է պահվում՝ ելնելով նախաքննության շահերից: Դիակի վրա բռնության հետքեր չկան: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օրենսգրքի 110 հոդվածի առաջին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով: Դեպքի մանրամասները ճշտվում են»,- ասված էր հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Սեւակ Գեւորգյանն այս տարվա մարտի 22-ին ինքնասպանություն գործած 19-ամյա Լիլիթ Դավթյանի ընկերն էր, ում դին ամփոփված է հենց Զեյթունի գերեզմանատանը: Նա մահացել էր դեղորայքային թունավորումից:




























