Թվում է` կասկածներ չկան այլեւս, որ կառավարությունը լրջորեն է մտածում փոքր եւ միջին բիզնեսի զարգացման մասին: Վերջին ակորդը, թերեւս, վարչապետ Տիգրան Սարգսյանի Վիեննայում ունեցած ելույթի այն մասն էր, որտեղ նա քաղաքացիական հասարակության կայացումն ուղղակի կապեց փոքր ու միջին բիզնեսի զարգացման հետ: Սա բավական հետաքրքիր հանգամանք է. ընտրություններից 1 տարի առաջ փոքր բիզնեսը կարեւորվում է նաեւ որպես քաղաքական գործոն:

Այնուամենայնիվ, որքանո՞վ են կառավարության քայլերը համահունչ նպատակներին: Հանուն արդարության` ՓՄՁ-ի համար իրոք կատարվել են լուրջ քայլեր: Այսպես, ավելացված արժեքի հարկից ազատվել են մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտները: Սա գործնականում ՓՄՁ-ի համար հարկային օազիս է ստեղծել:

Մեր հարցումները ցույց տվեցին, որ գործարարների մոտ այս քայլը խիստ դրական է գնահատվում, համենայնդեպս` չկա մեկը, որ դժգոհի բարձր հարկերից, ինչպես 1-2 տարի առաջ: Սակայն նշենք, որ փոքր բիզնեսը աշխարհի բոլոր երկրներում էլ լուրջ հարկային արտոնություններից է օգտվում, ուստի կարելի է ասել` մենք միայն ստարտային պայմաններն ենք հավասարեցնում: Այսպես, թե այնպես` ՓՄՁ-ի տեսակարար կշիռը ՀՆԱ-ում հասել է մոտ 45 տոկոսի, ու ամենայն հավանականությամբ` առաջիկայում ավելի կբարձրանա:

Սակայն 2 խնդիր, այնուամենայնիվ, բավական լուրջ է ՓՄՁ-ի համար: Առաջինը` վարկերի անմատչելիություն է: Մեր բանկային համակարգն իրոք կայացած է, ու վարկային տոկոսադրույքներն էլ նվազման միտում ունեն: Սակայն Հայաստանի բանկային համակարգն ունի մի արտասովոր թերություն`այն գործնականում չի ֆինանսավորում սկսնակ ձեռնարկատիրությունը (start-up): Քսաներկու բանկերից ոչ մեկն էլ սկսնակներին վարկ չի տրամադրում, անկախ նրանից` բիզնես-ծրագիր կա՞, թե՞ ոչ, շուկան խոստումնալի՞ց է, թե՞ ոչ: Դժվար է ասել, թե քանի փայլուն մտահղացում է նման կերպ կորչել:

Հաջորդ կարեւոր հանգամանքը ներդրումային ծրագրերի հարկումն է: Հայտնի է, որ 300 մլն դրամից ավելի ներդրումային ապրանքներ ներկրելու դեպքում գործարարն ազատվում է ավելացված արժեքի հարկից: Այսինքն` սա մի արտոնություն է, որ գործում է բացառապես խոշոր բիզնեսի համար: Բայց չէ՞ որ փոքր եւ միջին բիզնեսը նույնպես ներդրումային ծրագրեր ունի, այդ դեպքում ինչո՞ւ պետք է արտոնությունից չօգտվի: Հասկանալի չէ, թե ինչո՞ւ խոշոր բիզնեսը պետք է ներդրումային դաշտում մրցակցային առավելություն ստանա փոքր բիզնեսի նկատմամբ: Մեր տեղեկություններով` կառավարության ներսում շրջանառվում է համապատասխան փաստաթուղթ, որով առաջարկվում է փոքր բիզնեսին նույնպես ներդրումային արտոնություն տրամադրել, սակայն ինչ-ինչ պատճառներով դրա քննարկումը ձգձգվում է:

Սամվել Ավագյան