Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը եւ Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավան հունիսի 11-ին Թբիլիսիում պայմանավորվել են տեղեկատվություն փոխանակել երկու քաղաքներում մշակութային միջոցառումների վերաբերյալ, նաեւ համագործակցություն հաստատել զբոսաշրջության զարգացման ոլորտում:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերը կարեւորել են հասարակական տրանսպորտի կանոնակարգման, բնակֆոնդի պահպանման, համատիրությունների գործունեության արդյունավետության եւ քաղաքային տնտեսության մի շարք այլ բնագավառներում փորձի փոխանակումն ու ճանաչողական ծրագրերի իրականացումը:

Ընդգծելով փոխադարձ այցերի անհրաժեշտությունը, Երեւանի քաղաքապետը նշել է. «Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել համագործակցություն ծավալել բոլոր ոլորտներում: Կարեւորվել է բժշկության մեջ համագործակցությունը, համապատասխան մասնագիտացումը, զբոսաշրջության զարգացումը, հայտնի ընկերությունների մասով ներդրումների ապահովումը:  Նման հանդիպումները լինելու են պարբերաբար, դա միանշանակ օգտակար կլինի եւ մեր եւ վրացական կողմի համար»,- նշել է Կարապետյանը:

Պաշտոնական հանդիպումից հետո երկու քաղաքապետերը շրջել են քաղաքի պատմական վայրերով: Գեորգի Ուգուլավան Կարեն Կարապետյանին ծանոթացրել է  Թբիլիսիի «Հին քաղաքի» վերակառուցման ծրագրին, որի համաձայն նախատեսվում է իրականացնել հին քաղաքի վերկանգնման աշխատանքներ` վերածելով այն տեսարժան զբոսաշրջային հատվածի: Երեւանի քաղաքապետը Թբիլիսիի քաղաքապետի ուղեկցությամբ ծանոթացել է նաեւ նորակառուց հետիոտն կամրջի եւ նոր հիմնված քաղաքային զբոսայգու ծրագրերին:

Պաշտոնական այցի երկրորդ օրը` հունիսի 12-ին, Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը Թբիլիսիի քաղաքապետի հետ մասնակցել է նաեւ Թբիլիսիում Հայ Առաքելական եկեղեցուն կից Մշակութային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությանը: