Թուրքիան մշակում է սեփական հիբրիդային հրթիռը, որը կգործարկվի դեպի Լուսին առաքելության ժամանակ: Այդ մասին Anadolu-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկը:

«Մենք կհասնենք Լուսնին եզակի ազգային հիբրիդային հրթիռն արձակելու միջոցով: Այսօր մենք այցելում ենք Delta V ընկերության օբյեկտները, որը զբաղվում է հիբրիդային շարժիչների եզակի տեխնոլոգիաների ստեղծմամբ, որոնք դեպի Լուսին առաքելության կարեւոր բաղադրիչն են: Ընկերությունը հիմնադրվել է 2016 թվականին եւ աշխատում է տիեզերական տեխնոլոգիաների ստեղծման ուղղությամբ 2017 թվականից: Դեպի Լուսին առաքելության շրջանակում մենք գլխավորապես ակնկալում ենք շարժիչների ստեղծում, որոնք թույլ կտան մեզ իրականացնել արձակումը դեպի տիեզերք»,-ընդգծել է նախարարը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Փետրվարի սկզբում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ներկայացրել է հանրությանը ազգային տիեզերական ծրագիրը զարգացնելու ծրագիր, որը նախատեսում է 2023 թվականին դեպի տիեզերք արձակել հրթիռներ եւ հասնել Լուսնի մակերեւույթին: Թուրքիայի առաջնորդի խոսքով՝ Լուսնի վրա կոշտ վայրէջքը պետք է իրականացվի հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, որը կնշվի 2023 թվականի վերջում: