Ջավախքի հայերի ակնկալիքներն Ամենայն Հայոց կաթողիկոսի հովվապետական այցից մեծ չեն, չնայած այցը ոգեւորել է նրանց: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ջավախահայերի «Ակունք» միության նախագահ Մելս Թորոսյանը` նշելով, որ այցն ավարտված չէ եւ արդյունքները դեռ չեն ամփոփվել:

Ըստ նրա` ջավախահայերի շրջանում հիմնական դժգոհությունն առաջացրել են Վրաստանի պատրիարք Իլյա Երկրոդի հայտարարությունները` Հայ առաքելական եկեղեցու Վրաստանի թեմի  իրավաբանական կարգավիճակի վերաբերյալ: Նրա խոսքով` ջավախահայերի հիմնական ակնկալիքները կապված են հայկական եկեղեցիների եւ նրանց նկատմամբ իրավուքների վերականգնման հետ:

«Տվյալ պահին մեզ ավելի շատ հետաքրքրում է Ախալցխայում հայկական եկեղեցու հարցը, մենք հույս ունենք այդ կապակցությամբ հուսադրող նորություններ ստանալ: Համոզված եմ, որ վրացական կողմը կհամաձայնի մի քանի հայկական եկեղեցիների իրավունքները ճանաչել, որպեսզի հայ համայքնը կարողանա եկեղեցական ծիսակատարություններ իրականացնել: Մնացած եկեղեցիները վիճելի կմնան, քանի որ վրացական կողմին ձեռնտու չէ դրանք հայկական համարելը», - նշեց Թորոսյանը` ավելացնելով, որ  բոլոր պատմական հայկական եկեղեցիների նկատմամբ  հայերի իրավունքների ճանաչումը կնշանակի, որ Վրաստանն ընդունում է, որ դա վաղնջական հայկական տարածք է, եւ այլ ժողովուրդները ժամանակի ընթացքում են հաստատվել:

«Շատ դժվար կլինի ստիպել Վրաստանին ճանաչել բոլոր հայկական եկեղեցիներն ու պատմական հուշարձանները, քանի որ տվյալ պահին վրացական դիվանագիտությունը հայերի եւ հայկական պատմական ժառանգության նկատմամբ վերաբերմունքով ոչնչով չի զիջում թուրքերին», - վստահ է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ զրույցում Վրաստանի պատրիարքը հայտարարել էր, թե  ինչպիսի կարգավիճակ ունենա վրաց եկեղեցին Հայաստանում, նույն էլ կունենա հայ եկեղեցին Վրաստանում: Նա նշել էր, որ կգումարվի գիտնականների հանձնաժողով, որը կուսումնասիրի վիճելի եկեղեցիների վերաբերյալ երկու կողմերից ներկայացված փաստերը: