Շիրակի մարզի Ողջի համայնքում հողի կռիվ է. Շախվերդյանների ընտանիքին պատկանող հողակտորն արդեն գյուղապետին է պատկանում:

«Հասկանո՞ւմ եք, այն հողը, որ տարիներ շարունակ մենք վարել-ցանել ենք, հողի հարկ վճարել, հիմա գյուղապետ Սարգիս Ավագյանն ասում է` քոնը չէ, գյուղի ճանապարհ է, չի կարելի ցանել, հետո ինքն է ցանում ու վաճառում ուրիշներին»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել են Ողջիի գուղացիները:

Գյուղում այսպես մի քանի ընտանիք կա, որ դժգոհում են, թե հողից զրկվել են: Հողը վերցրել են գյուղացուց, քանի որ գյուղապետ Սարգիս Ավագյանը սեփականության վկայագրեր է ցույց տվել:

«Գյուղն իրենն է, հողն` իրենը, դատավորն` իրենը»,-դժգոհել են գյուղացիները` նշելով, թե գյուղապետի հետ դատավորը խնամիական հարաբերություններ ունի, այդ պատճառով բոլոր հայցերին վճիռ կայացվել է հօգուտ Ողջիի գյուղապետի: «Հողս վերցրել տվել է մեկին, ով Ռուսաստանում է, ինչո՞ւ:

Նրա ինչի՞ն է պետք, 20 տարի Հայաստանում չէ: Ես էստեղ աչքս տնկել եմ ու սպասում եմ մի կտոր հողակտորի, դատավորն իր կողմն է բռնում, ինձ` գցում: Այստեղ մենք գործ ունենք մաֆիայի հետ, իսկ մաֆիայի ղեկավարը մեր գյուղի ղեկավարն է`Սարգիս Ավագյանը»,-ասել է գյուղացվիներից Սամվել Շահվերդյանը: