Թունիսի տապալված նախագահ Զին ալ-Աբիդին բեն Ալիի դեմ հեռակա դատավարությունը կսկսվի հունիսի 20-ին: Այս մասին հայտարարել է երկրի անցումային կառավարության ղեկավար Բեջի Կաիդ-Էսեբսին:
Նրա խոսքով, նախկին նախագահի եւ նրա շրջապատի դեմ ավելի քան 90 մեղադրանք է ներկայացվել:
Ժողովրդական հուզումների հետեւանքով երկրից փախած Բեն Ալին ներկայումս ապրում է Սաուդյան Արաբիայում: Կաիդ Էսեբսին նշել է, որ Թունիսի ԱԳՆ-ն փետրվարի 20-ին հարցում է ուղարկել Սաուդյան Արաբիայի իշխանություններին Բեն Ալիին վերադարձնելու պահանջով, սակայն որեւէ պատասխան չի ստացել:
«Հասմիկների» հեղափոխությունը Թունիսում տեղի է ունեցել հունվարի 14-ին: Համաժողովրդական բողոքի գործողությունների արդյունքում նախագահը ստիպված է եղել փախչել երկրից: Այդ գործողությունների ընթացքում մահացել է շուրջ 80 մարդ:




























