Թերթին հասած տեղեկություններով` Սյունիքում առաջիկա խորհրդարանական ընտրություններում թեժ պայքար է սպասվում, քանի որ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը` Լիսկան, պատրաստվում է գործադիրից անցնել օրենսդիր գործունեության: Այն էլ` ԱԺ պատգամավոր Սաշիկ Սարգսյանի ընտրատարածքում, որտեղ նախորդ ընտրություններում եղել են մրցակիցներ: «Նշենք, որ հարազատ Հանրապետականում նրա կերպարը նույնպես անընդունելի է դարձել, եւ կարծիքներ կան, որ Լիսկան վարկաբեկում է Հանրապետականին, ու ժամանակն է, որ վերջինս թողնի մարզպետի պաշտոնը»,-գրում է թերթը:

Երեկ պարբերականին հաջողվել է կապ հաստատել «սյունյաց տիրակալի» հետ` ճշտելու իր խորհրդարանական ծրագրերի մասին:  Հարցին, թե առաջադրվելո՞ւ է առաջիկա ընտրություններում, մարզպետը հայրենի բարբառով ասել է. «Ես նման մտադրություն չունեմ»: Ինչ վերաբերում է Սաշիկ Սարգսյանի հետ մրցակցելուն, ավելացրել է. «Չէ, չէ, ինձ համար գործադիրն ավելի հետաքրքիր ա` էներգիա սպառելու համար լավ է, քան թե օրենսդիրը»: «Ստացվում է, որ մարզպետի գործունեությունը ոչ ավել, ոչ պակաս` ռելաքսի միջոց է Սուրիկ Խաչատրյանի համար: Այսինքն` ավելորդ «Էներգիան սպառելու» համա՞ր է մարզպետ աշխատում` հարցին մարզպետը պատասխանեց.  «Աշխատելու, աշխատելու, պիտի աշխատես, որ էներգիա սպառես»,-Խաչատրյանի խոսքն է մեջբերում «Հրապարակ»-ը: