ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը հայտարարել է, թե իբր «Ղարաբաղ» կոմիտեի ձեւավորման ժամանակ ԿԳԲ–ն իրենց զգուշացրել էր, թե «չփորձեք անգամ մոտենալ հարթակին, դուք այնտեղ տեղ չունեք, սա մեր շարժումն է»։
«ՉԻ»-ն այս առթիվ գրում է. «Շա՛տ ապրի Ռազմիկ Զոհրաբյանը։ Մարդ առնվազն մի 7-8 «բակալ» գարեջուր խմած պիտի լինի՝ հայտարարելու համար, որ ղարաբաղյան շարժումը մեր ազգային զարթոնքն էր, իսկ «Ղարաբաղ» կոմիտեն՝ ԿԳԲ–ի ստեղծածը։ Ստացվում է, որ մեր ազգային զարթոնքը ԿԳԲ–ն է կազմակերպել։
Բայց խնդիրը միայն սա չէ։ Ուշադրություն դարձրեք՝ ազգային զարթոնքի օրերին, փաստորեն, ԿԳԲ–ն ու ԱՄԿ–ի անդամները լավ էլ կոնտակտի մեջ են եղել ու երկխոսել են։ Ավելին՝ ԱՄԿ անդամները, փաստորեն, կատարել են ԿԳԲ–ի հրահանգը, եւ, ինչպես Ռազմիկ Զոհրաբյանն է ասում՝ «իհարկե՝ մենք մեր քաղաքական գործունեությունը շարունակում էինք «Ղարաբաղ» կոմիտեից ու ՀՀՇ–ից առանձին»։
Հետաքրքիր է՝ ԿԳԲ–ի ուրիշ ո՞ր հրահանգներն է կատարել Ռազմիկ Զոհրաբյանը, կամ արդյո՞ք իր քաղաքական գործունեության մեջ միշտ է հետեւել ԿԳԲ–ի հորդորներին։




























