Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ Արաբկիրի բաժնի աշխատակիցների բացահայտել եւ ձերբակալել են բազմաթիվ խարդախություններ կատարած տղամարդուն:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երեւանի բնակիչ Արմեն Հարությունյանը չարաշահել էր մի քաղաքացուհու վստահությունը, գնելու պատրվակով վերցրել նրա ավտոմեքենան, գրավ դրել եւ յուրացրել ավելի քան 4. 5 միլիոն դրամ:
Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հարությունյանը նույն եղանակով Երեւան քաղաքում կատարել է այլ խարդախություններ եւս:
Գումարը մաս-մաս վճարելու պայմանով, 6. 500 ԱՄՆ դոլարով գնելու պատրվակով վերցրել է մի քաղաքացու «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենան, 2. 500 դոլարով գրավ դրել եւ գումարը յուրացրել:
Մեկ այլ քաղաքացու պատկանող ավտոտնակը 2009 թվականին գրավ է դրել, վերցրել 55. 000 դոլար, տասը ամսից վերադարձնելու պայմանով:
80. 000 դոլար վճարելու պայմանով «գնել» է մեկ ուրիշի բնակարանը: Տվել է 7. 000 դոլար կանխավճար, բնակարանը անվանափոխել իր անվամբ, իսկ մնացած 73. 000 դոլարը չի վճարել:
Ոստիկանները կասկածներ ունեն, որ Արմեն Հարությունյանը կատարել է նմանատիպ այլ հանցագործություններ:
Հունիսի 13-ին խարդախության կասկածանքով ձերբակալված Արմեն Հարությունյանն Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարչկան շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, երկու ամսով կալանավորվել եւ տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:

Արմեն Հարությունյան
Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























