Մինաս Ավետիսյանի «Երկանք» եւ «Թել են մանում» որմնանկարները պետք է շուտ տեղափոխվեին եւ ամրացվեին, այլապես արդեն փշրվում էին: Այսօր` հունիսի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպես հիմնավորեց Մինասի երկու որմնանկարների հապշտապ Երեւան տեղափոխումը «Մինաս Ավետիսյան» տուն-թանգարանի տնօրեն, «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի նախագահ Արման Ավետիսյանը:
«Այդ վիճակում Մինաս Ավետիսյանի երկու որմնանկարները դրված էին գործարանի հատակին երկու օրից ավելի»,- ասաց նա` հավելելով, որ որմնանկարները Գյումրիում թողնելու եւ այնտեղ վերականգնելու պահանջ ներկայացնող Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախաձեռնության առաջ քաշած պայմաններն իրենց ուղղակի այլընտրանք չթողեցին:
«Այս տարիներին կարելի էր մի հատ պահակ նշանակել բյուջեի հաշվին»,- նշեց նա՝ հիշեցնելով, որ որմնանկարները «քացով խփել-ջարդել են, վրան անշնորհք բառեր են գրել, բարբարոսաբար են վերաբերել»:
Ասուլիսի մյուս բանախոսը` Մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը, նշելով, որ ցանկացած որմնանկար ունի վերականգնման ժամանակացույց` յոթ օր յուրաքանչյուրի համար, ասաց, որ իտալացի մասնագետները չեն կարող սպասել, եւ անհրաժեշտ էր աշխատանքները կատարել՝ ըստ հաստատված կարգի։ «Ուրբաթ օրը, ժամը 4-ին, պարզապես քանի որ ավարտված էր Գյումրիում նախատեսված աշխատանքը, արեւի լույսի ներքո Գյումրիից որմնանկարները շարժվեցին դեպի Երեւան՝ ոստիկանության ուղեկցությամբ»,- ասաց նա։
Հուլիսի վերջին, մինչեւ օգոստոսի սկիզբը «Երկանք»-ն ու «Թել են մանում»-ը, ըստ Հարությունյանի, տեղադրված կլինեն «Զվարթնոց» օդանավակայանում։ Նա տեղեկացրեց, որ այս պահին «Գորգ են գործում» որմնանկարը վերականգնելու համար տարվում են բանակացություններ «Կիլիկիա» գարեջրի գործարանի ղեկավարության հետ, որը պատրաստակամություն է հայտնել հովանավորել, որպեսզի որմնանկարը վերականգնվի եւ մնա Գյումրիում:




























