Հանրապետական եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ հասկանում են, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսության արդյունքում հայտնվելու են զոհի կարգավիճակում, այլ կերպ, ասած՝ եթե լիքը տարայի մեջ ուզում ես ջուր լցնել, ապա դրանում եղած ջրից, ուզես, թե ոչ՝ մի փոքր պետք է դատարկես։ Հունիսի 14-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ նման համեմատական անցկացրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով երկխոսության հնարավոր հետեւանքներին։
«Ովքե՞ր կլինեն այդ մարդիկ, դեռեւս դժվար է ասել, ուղղակի ակնհայտ է, որ վերոնշյալ կուսակցությունների թույլ օղակներն այս առումով խորհելու տեղ ունեն»,- նկատեց նա՝ միաժամանակ չբացառելով, որ զոհի կարգավիճակում հայտնված կուսակցականները կարող են համախմբվել ինչպես Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ քաղաքական այլ ուժերի շուրջ։ «Գործողությունների շատ սցենարներ են հնարավոր, եւ այդ առումով զարգացումները դեռեւս առջեւում են»,- համոզմունք հայտնեց պատգամավորը։
Արմեն Մարտիրոսյանի խոսքով, ինքը լավ է վերաբերում իշխանության եւ ընդդիմության երկխոսությանը, որը, սակայն, բավական շուտ է սկսվել։ «Ինչ վերաբերում է Հայ ազգային կոնգրեսի՝ երկխոսության մասին անձամբ Սերժ Սարգսյանից լսելու պահանջին, ապա երկրի նախագահը նրանց կարձագանքի միայն այն ժամանակ, երբ նպատակահարմար կգտնի, երբ կզգա, որ ինչ-ինչ պայմանավորվածություններ են պետք կամ մեծանում են արտաքին ճնշումները»,- նշեց ընդդիմնադիր պատգամավորը։
Ամփոփելով՝ Արմեն Մարտիրոսյանն ընդգծեց, որ իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը պետք է լինի ինստիտուցիոնալ շրջանակներում։ «Մնացած բոլոր տեսակի պայմանավորվածությունները հասարակության թիկունքում կատարված գործարքներ են»,- ասաց պատգամավորը։
Նշենք, որ ՀԱԿ-ը իշխանությունների հետ բանակցելու պատրաստ 5 հոգանոց պատվիրակություն է կազմել, իշխանությունը, սակայն, չի շտապում արձագանքել ընդդիմության նախաձեռնությանը։




























