«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը չի բացառում, որ իրենք կարող են համագործակցել նորաստեղծ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ։ Հունիսի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ինքը՝ պատգամավորը:
«Մենք նրանց մրցակից չենք համարում, ինչպես նաեւ չենք համարում, որ որեւէ մեկի նախագիծն են, ավելին մենք այդ կուսակցության հետ համագործակցության լայն դաշտ ենք տեսնում»,- պարզաբանեց Մարտիրոսյանը՝ միաժամանակ ընդգծելով, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ստեղծումը դեռեւս քաղաքական նախորդ զարգացումների շրջանակների մեջ տեղավորվող գործընթաց է։
Ամփոփելով՝ «Ժառանգության» պատգամավորը նկատեց, որ որքան էլ ոմանք խուսափեն նշել, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հիմնումը ՀԱԿ-ի պառակտում է նշանակում։ «Քաղաքական գործիչների մի շրջանակ այսօր արդեն հավաքվել է այդ կուսակցության մեջ, ինչը նշանակում է, որ ՀԱԿ-ը պառակտվում է»,- համոզմունք հայտնեց Մարտիրոսյանը։
Նշենք, որ նորաստեղծ կուսակցության հիմնադիրը ՀՀՇ վարչության նախկին փոխնախագահ Խաչատուր Քոքոբելյանն է, կուսակցության փոխնախագահը վերլուծաբան Անուշ Սեդրակյանն է։ Կուսակցության համագումարը տեղի է ունեցել մայիսի 22-ին։ «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը դեռեւս գրանցված չէ: Քոքոբելյանն ավելի վաղ հայտարարել էր, որ կուսակցությունում հավաքված են մարդիկ, ովքեր իրենց կյանքով ապացուցել են իրենց սկզբունքայնությունը, միշտ եղել են ընդդիմադիր դաշտում եւ իրենց համագործակցությունը լինելու է ընդդիմության հետ։




























