Սիցիլիացի գործարարները մտադիր են այցելել Հայաստան` տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով: Այս մասին նշվել է Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հունիսի 9-11-ին Պալերմոյում` Սիցիլիայի նահանգային եւ քաղաքային իշխանությունների հետ հանդիպումների ժամանակ:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 9-ին Հայաստանի դեսպանը հանդիպել է Սիցիլիայի Նահանգային Վեհաժողովի նախագահ Ֆրանչեսկո Կաշոյի (Francesco Cascio) եւ Պալերմոյի քաղաքապետ Դիեգո Կամարատայի (Diego Cammarata) հետ, որոնց ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել սիցիլիացի գործարարների այցելությունը Հայաստան` տեղում ներդրումային հնարավորություններին ծանոթանալու նպատակով:
Նույն օրը Ռ. Կարապետյանը մասնակցել է Excelsior Hilton հյուրանոցում կազմակերպված գործարար համաժողովին, որին ներկա է եղել նաեւ Սիցիլիայի նահանգի տնտեսական զարգացման նախարար Մարկո Վենտուրին (Marco Venturi): Այցի շրջանակներում Ռուբեն Կարապետյանն այցելել է Սիցիլիայի նահանգի կենտրոնական գրադարան, որի տնօրեն Ֆրանչեսկո Վերգարա Կաֆարելլիի (Francesco Vergara Caffarelli) հետ քննարկել է ՀՀ Ազգային գրադարանի, ինչպես նաեւ Մատենադարանի հետ համագործակցության հեռանկարները: Հանդիպման վերջում Կարապետյանը գրադարանին է նվիրաբերել իտալերեն լեզվով Իտալիայում հրատարակված գրքեր` Հայաստանի, հայ ժողովրդի պատմության ու Արցախի հիմնախնդրի վերաբերյալ:
Պալերմո այցելության ընթացքում ՀՀ դեսպանը դասախոսություն է կարդացել Պալերմոյի Ռոտարի ակումբում (Rotary Club Palermo), որի ժամանակ ցուցադրվել է «Հայաստան` Նոյի երկիր» ֆիլմը: Այցի վերջին օրը դեսպան Կարապետյանը հարցազրույց է տվել Սիցիլիայի «Giornale di Sicilia» օրաթերթին:




























