Պաշտոնական վիճակագրության համաձայն` Հայաստանը 2010 թ. ներմուծել է 183 կգ մարդու մազ` 2000 դոլար մաքսային ընդհանուր արժեքով (1 կգ-ի համար` մոտ 11 դոլար): 2011 թ. առաջին եռամսյակում դեռեւս մազեր չեն ներմուծվել, թեեւ գեղեցկության սալոններից ստացված տեղեկատվության համաձայն` այդ բիզնեսը Հայաստանում չի վերացել:

Մաքսային մարմինների տրամադրած թվերը ներմուծված մազերի արժեքի մասին իրականության հետ որեւէ առնչություն չունեն: Ըստ գեղեցկության սրահներից մեկի տնօրենի տրամադրած տեղեկատվության` Հայաստան ներմուծվող մազերը առնվազն 2.5 անգամ թանկ են տեղականներից: Նախ` ներմուծվում են առնվազն 60 սմ երկարության մազեր` սկսած 100 հազ. դրամից, այն դեպքում, երբ տեղական մազերն արժեն 40 հազ. դրամ (նկատի ունենք մազերի ամբողջական խուրցը, որն այնուհետ կարող է բաժանվել մի քանի շերտի): Բացի այդ` ըստ ռուսական լրատվամիջոցների, այդ երկարության 100 գրամ մազերի գինը սկսում է 2000 ռուբլուց (մոտ 26 հազ. դրամ): Հետեւաբար` ներմուծված բնական մազի 1 կգ-ը ոչ մի կերպ չի կարող արժենալ 11 դոլար, այստեղ մենք ուղղակի գործ ունենք մաքսային արժեքի միտումնավոր աղավաղման հետ:

Վերջին շրջանում բնական մազերի վաճառքի հայտարարություները այլեւս նախկինի պես տարածված չեն, հենասյուներին ու պատերին համարյա թե չեն փակցվում: Պատճառն այն է, որ գեղեցկության սրահները այլեւս միջնորդի կարիք չեն զգում` ցանկացած ոք կարող է անմիջապես հենց վարսավիրի հետ պայմանավորվել վաճառքի մասին: Մազերի գները տարբերակվում են ոչ միայն ըստ երկարության, գույնի կամ քաշի, այլեւ ըստ շերտերի: Առավել թանկ է գնահատվում ներքին (վզին մոտ գտնվող) շերտը:

Առայժմ Հայաստանից մազեր չեն արտահանվում` տեղական պահանջարկը դրանց նկատմամբ բավական մեծ է, ու հազիվ է բավարարվում ներքին ռեսուրսների հաշվին: Հարկ է նշել, որ մեզ մոտ մազերի աճեցման ու խնամքի կազմակերպված քարոզչություն գրեթե չի տարվում, այնինչ այլ երկրներում դա բավական մոդայիկ է: Աղջիկներին հարկ է նաեւ իմանալ, որ մազերը կարճ կտրելուց հետո նորաճ մազերը կարող է եւ նախկինի պես փափուկ չլինեն (օրգանիզմը, հարմարված լինելով սնել երկար մազերը, շարունակում է նույն ուժով սնել ավելի կարճերը, որից նրանք կոշտանում են):