Հայաստանի Տնտեսական պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եռօրյա աշխատանքային այցով այսօր` հունիսի 14-ին մեկնել է Տաջիկստան՝ մասնակցելու հունիսի 14-17-ին Դուշամբեում կայացող ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 34-րդ նիստին:

ՏՄՊՊՀ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՊՀ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների մակարդակով անցկացվող նիստում նախատեսվում է քննարկել նաեւ առանձին երկրներում մրցակցության պաշտպանությանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաեւ նախորդ նիստին հաջորդած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ երկրներում հակամենաշնորհային քաղաքականության ոլորտում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունները: Կներկայացվեն նաեւ Խորհրդի ներքո գործող հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի աշխատանքների արդյունքները:

Նիստի ընթացքում նախատեսված է Արտակ Շաբոյանի ելույթը՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխությունների, մրցակցության կարգավորման ոլորտում կատարված աշխատանքների, իրականացվող վարույթների ընթացքի եւ այլ առանցքային հարցերի վերաբերյալ:

Խորհրդի ներքո գործող շտաբի աշխատանքներին կմասնակցի նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը: Շտաբի օրակարգում են հեռահաղորդակցության, ավիափոխադրումների եւ մանրածախ առեւտրի ոլորտում իրականացվող համատեղ վարույթների ընթացքի վերաբերյալ քննարկումները:

Հիշեցնենք, որ ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 30-րդ նիստը  կայացել է Երեւանում: