«Փարվանա» ռեստորանային համալիրի տնօրինությունը հերքում է մամուլի տեղեկություններն այն մասին, թե անցյալ շաբաթ օրը նշված ռեստորանում տեղի է ունեցել ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանի քրոջ որդու եւ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի դստեր հարսանիքը: Ռեստորանի գլխավոր տնօրեն Էդիկ Մանուկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ որեւէ հարսանիք այդ օրը տեղի չի ունեցել, քանի որ ռեստորանի հարսանյաց հանդեսների համար նախատեսված սրահը ժամանակ առաջ տեղի ունեցած հրդեհից հետո դեռեւս «ռեմոնտի տակ» է:
«Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին, ում մասին որ դուք ասում եք, իմ տղան է, որը հաստատ չի ամուսնացել: Նա անգամ ընտրած աղջիկ չունի»,-վստահեցրեց «Փարվանայի» գլխավոր տնօրենն ու հավելեց, որ եթե «հալալ կաթնակեր, տնական» աղջիկ գտնենք իր որդու համար` բարի գործ արած կլինենք: «Էդ ժամանակ տղայիս կամուսնացնեմ, ու էնպիսի հարսանիք կանեմ, որ ամբողջ Հայաստանով մեկ թնդա»,-խոստացավ Ալեքսանյանի քրոջ ամուսինը` հատուկ ընդգծելով, որ բոյով-բուսաթով, համակրելի որդի ունի:
Այդ օրը «Փարվանա» ռեստորանում գտնվող NEWS.am-ի հավաստի աղբյուրները պնդում են, սակայն, որ նման հարսանիք իրոք եղել է, բայց հարսնացուն չի եղել Սամվել Կարապետյանի դուստրը: Հարսանիքին ներկա է գտնվել Հայաստանի ողջ էլիտան:




























