Երեւանի կենդանաբանական այգու նախկին տնօրեն Սահակ Աբովյանը այգու գործող տնօրեն Ռուբեն Խաչատրյանի դեմ ստորագրահավաք չի նախաձեռնել, նաեւ նախկին պաշտոնին վերադառնալու որեւէ հավակնություն չունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ինքը՝ Սահակ Աբովյանը, հավելելով, որ այս ամենը այգու ներկայիս տնօրեն Ռուբեն Խաչատրյանի տարածած զրպարտությունների շարքից է։

Նրա խոսքով, թեպետ ինքը նեղացած է հեռացել կենդանաբանական այգուց եւ հեռանալու օրվանից անգամ այգու կողքով չի անցել, սակայն իրեն թույլ չէր տա այդքան ստոր գտնվել։ «Ճիշտ է, ես վրդովված, վիրավորված եմ հեռացել, որովհետեւ մարդուն, ում մեկուկես տարի էր մնում՝ թոշակի գնալու, ուղղակի վերցրեցին եւ ազատեցին պաշտոնից։ Ես այդ գործին կյանքիս 48 տարիներն եմ նվիրել, մինչդեռ Ռուբեն Խաչատրյանն ընդամենը 2 ամիս է, ինչ աշխատում է կենդանաբանական այգում։ Գուցե այգու աշխատակիցների շրջանում ստորագրահավաք իրոք սկսվել է, բայց ես դրա հետ որեւէ կապ չունեմ, ես մեղավո՞ր եմ, որ նա աշխատակիցների սերն ու հարգանքը չի վայելում, որ նրա դեմ բողոքում են»,- հարց հնչեցրեց Սահակ Աբովյանը։

Ամփոփելով՝ նա ակնարկեց, որ գիտի, սակայն չի ասի, թե ում աջակցությունն է վայելում Երեւանի կենդանաբանական այգու ներկայիս տնօերն Ռուբեն Խաչատրյանը։ Աբովյանը միայն արժանի համարեց տեղեկացնել, որ վերջերս հանդիպել է Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ, եւ իմացել, որ կենդանաբանական այգու տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո Խաչատրյանը եւ նրա հովանավորը միլիոնավոր դրամների ներդրումներ պիտի անեն։ «Ես ասացի, որ նման ներդրումներ չեմ կարող անել, եթե կարող է թող նա էլ ներդնի իր միջոցներն ու աշխատեցնի այգին»,- ասաց Սահակ Աբովյանը։

Նշենք, որ NEWS.am-ի թղթակցի հետ ավելի վաղ ունեցած զրույցում Երեւանի կենդանաբանական այգու տնօրենը հայտարարել էր, որ Սահակ Աբովյանն իր դեմ աշխատակիցների շրջանում ստորագրահավաք է սկսել եւ չստորագրել համարձակված մարդկանց սպառնացել պաշտոնի վերադառնալուց հետո ազատել աշխատանքից։