Շիրակի մարզի Բենիամին համայնքի ներկա եւ նախկին գյուղապետերը իրար դեմ են դուրս եկել. նրանց վիճաբանության լուրն արդեն հասել է մարզկենտրոն Գյումրի:
Ներկա գյուղապետ հանրապետական Սամվել Մկրտչյանը մամլո ասուլիս է հրավիրել ու նշել. «Խորհրդային տարիներին Բենիամին համայնքն ունեցել է մեքենատրակտորային պարկ, գյուղտեխնիկա, վարչական շենք, հողատարածք, սակայն համայնքին պատկանող շարժական եւ անշարժ գույքի մի մասը կեղծիքներով անցել է «Նարեկ Բենիամին» ՍՊԸ-ին: 2009 թ. համայնքի նոր ղեկավարությունը վերահաշվարկ է կատարել եւ պարզել, որ նախկին ղեկավարությունը բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել»: Սամվել Մկրտչյանն ասել է, թե հիմա գյուղին անհրաժեշտ է մեքենատրակտորային պարկը, եւ որ գյուղապետարանի ու արխիվի փաստաթղթային հիմքերում կան բավարար ապացույցներ, որոնք հիմնավորում են վիճելի գույքը համայնքին պատկանած լինելու եւ ապօրինաբար օտարելու հանգամանքները:
«Ոչինչ էլ չի գողացվել եւ օրենքի որեւէ խախտում թույլ չի տրվել: Եթե իմ պաշտոնավարան տարիներին կեղծիքների կատարած լինեի, ապա դատարանը, քննչական մարմինները եւ վերջապես դատախազությունը որեւէ կերպ կարձագանքնեին»,-հայտարարել է նախկին գյուղապետ ՀՀՇ-ական Գրիգոր Գրիգորյանը: Նա ասել է նաեւ, թե հանրապետական գյուղապետը «շանտաժ» է անում, քանի որ ինքը մտադիր է համայնքապետի առաջիկա ընտրություններին առաջադրվել:
«Իմացել են, գիտեն, որ եթե ես դրեցի թեկնածությունս` հաղթելու եմ: Հանրապետական դարձավ, որ տեղն ամրացնի: Թե ասա, դու ո՞ր օրվա հանրապետականն ես, ի՞նչ գիտես ի՞նչ է կուսակցությունը, հանրապետականը, պարզապես գյուղապետ դարձավ, հանրապետռական դարրձավ»,-ասել էԳրիգոր Գրիգորյանը:




























