«Հայաստան» համահայկական հիմնադրամ ԱՄՆ արեւելյան ափի տեղական մարմնի եւ ԼՂՀ կառավարության համաֆինանսավորմամբ, ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում մեկնարկել Է խմելու ջրի ներքին ցանցի կառուցումը:
Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ նախորդ դարի 30-ականներին կառուցված ջրամատակարարման ներքին ցանցն ամբողջովին շարքից դուրս է եկել եւ շահագործման համար պիտանի չէ: Գյուղապետ Սամվել Հակոբջանյանի խոսքով` կենցաղային կարիքները հոգալու համար գյուղացիները ջուրը կրում են գյուղի աղբյուրներից:
Ծրագրով նախատեսվում է գյուղի համար նոր ներքին ցանց կառուցել: Կվերանորոգվեն Տնջրի եւ Հաչա աղբյուրների աղբյուրակապերը, կկառուցվի 100 մ3 եւ 150 մ3 տարողությամբ երկու օրական կարգավորման ջրամբար, 11 կմ երկարությամբ ութ ջրատարերի միջոցով ներքին ցանցը կմիացվի աղբյուրներին եւ առանձին ջրագծերով ջուրը կհասցվի տներ:
Ներկայումս կատարվում են Տնջրի աղբյուրակապից մինչեւ գյուղ տանող ջրատարի կառուցման աշխատանքները:
«Ջրի հարցը Հայաստանի ու Արցախի շատ գյուղերում դեռեւս մնում է հրատապ լուծում պահանջող խնդիր, եւ պատահական չէ, որ այս տարի եւս Հիմնադրամի հանգանակած գումարների զգալի մասը կուղղվի գյուղական համայնքներում ջրամատակարարման ծրագրերի իրականացմանը»,- ասել է «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
Արդեն 2012 թ. սկզբին գյուղի 270 ընտանիքները (ավելի քան 1050 բնակիչ) կապահովվեն կանոնավոր ջրամատակարարմամբ:




























