Մայիսի վերջերին Կապան քաղաքին մատակարարված խմելու ջուրը եղել է պղտոր, սակայն անվտանգ: Այդ մասին այսօր` հունիսի 15-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենը:
Նրա պարզաբանմամբ` Կապանի ջուրը մի քանի օրով պղտորվում է ձնհալի պատճառով: Ընկերության մասնագետներից մեկը NEWS.am-ին պարզաբանեց, որ քաղաքին ջուր մատակարարվում է մակերեւութային ջրերից` քաղաքի շրջակայքում հոսող գետերից մեկից: Ձնհալի ժամանակ ջուրը շատանում է, իսկ զտիչ կայանը չի հասցնում ամբողջովին ֆիլտրել ջուրը: Թե ինչ գետի մասին է խոսքը` ընկերության ներկայացուցիչը չհիշեց, սակայն վստահեցրեց, որ դա Ողջին չէ (այս գետն են թափվում Զանգեզուրի պղնձամոլիբդենային հանքավայրի ջրային արտահոսքերի մի մասը):
Պ. Լորենը խոստացավ, որ շուտով Կապանում կդրվեն նոր սարքավորումներ, որոնք թույլ կտան ուժեղացնել մակերեւութային ջրերի ֆիլտրումը:




























