Երկուշաբթի առավոտյան Պեկինին հարվածել է այս տարվա առաջին ուժեղ ավազային փոթորիկը, ինչը հանգեցրել է օդի սաստիկ աղտոտման եւ ճանապարհներին խցանումների: Շրջակա միջավայրի պահպանության մոնիթորինգի պեկինյան կենտրոնից հայտնել են, որ քաղաքի կենտրոնական շրջաններում PM 10 մանր կոշտ մասնիկների խտությունը գերազանցել է 8000 միկրոգրամ/խորանարդ մետրը, ինչը 160 անգամ շատ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առավելագույն թույլատրելի նորմայից, որը հաստատված է 50 միկրոգրամ/խորանարդ մետր մակարդակում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
PM 10-ը իրենից ներկայացնում է 10 մկմ-ից փոքր տրամագծով կոշտ մանր մասնիկներ: Տեղական ժամանակով առավոտյան 09:00-ի տվյալներով՝ քաղաքի կենտրոնական շրջաններում (Դունչեն, Սիչեն, Չաոյան, Հայդյան) այն հասել է 8 108 միկրոգրամ/խորանարդ մետրի: Պեկինի հյուսիս-արեւմուտքում ցուցանիշը կազմել է 6 877, հարավ-արեւմուտքում՝ 7 530, քաղաքի հյուսիս-արեւելքում՝ 3 461, հարավարեւելյան շրջաններում՝ 5 953:
Ընդ որում՝ PM 2,5 մանր կոշտ մասնիկների խտությունը, որոնք սմոգի հիմնական պատճառն են, հասել է 523 միկրոգրամ/խորանարդ մետրի՝ ԱՀԿ կողմից թույլատրելի առավելագույն 25 միկրոգրամ/խորանարդ մետր նորմայի պարագայում:
Ավազային փոթորիկը հանգեցրել է ճանապարհներին խցանումների, քաղաքում տեսանելիությունը չի անցնում հազար մետրից: Պեկինի իշխանությունները փոշու փոթորկի պատճառով արդեն հայտարարել են վտանգավորության դեղին մակարդակ, խորհուրդ են տվել չեղարկել բացօթյա միջոցառումները, ինչպես նաեւ առանց ծայրահեղ անհրաժեշտության փողոց դուրս չգալ:
Օդերեւութաբանների կանխատեսումների համաձան՝ փոթորիկը կտեւի մինչեւ երեքշաբթի առավոտ: Պեկինից բացի, այն կընդգրկի նաեւ Չինաստանի մյուս հյուսիսային շրջանները, մասնավորապես՝ Ներքին Մոնղոլիա ինքնավար շրջանը, Տյանցզինը, Հեյլունցզյան, Լյաոնին, Հանսու, Շենսի, Շանսի եւ Հեբեյ նահանգները:




























