ԱՄՆ-ում ճիզվիտների կաթոլիկ օրդենի անդամները հայտարարել են 100 մլն դոլար դրամահավաք կազմակերպելու մտադրության մասին՝ ստրուկների ժառանգներին աջակցելու համար իրենց ստեղծած հիմնադրամի օգտին, որոնք ժամանակին եղել են այս օրդենի սեփականությունը եւ վաճառվել են նրա ֆինանսական խնդիրների լուծման նպատակով: Այս մասին հայտնել է The New York Times պարբերականը: Ինչպես հայտարարվել է, հիմնադրամի նպատակն է ԱՄՆ-ում ռասայական հաշտեցմանը նպաստելը:

«Որպես ռասայական [վերքերը] ապաքինելու եւ արդարությունը հաստատելու ճանապարհին կարեւոր փուլ՝ ճիզվիտների կողմից ստրկացվածների եւ վաճառվածների ժառանգները եւ Միացյալ Նահանգների ճիզվիտները հայտարարել են ջանքերը միավորելու մասին՝ ստեղծելու Ճշմարտության եւ ժառանգների հաշտության հիմնադրամ (Descendants Truth & Reconciliation Foundation)»,- նշված է օրդենի անդամների հրատարակության մեջ: Հիմնադրամի ստեղծումը այն նախաձեռնողներն  անվանել են «ստրկության դիմաց քավության ամենամեծ ջանքերից մեկը»: Հայտարարության մեջ նշվում է, որ արդեն նոր միավորմանն աջակցելու պատրաստակամություն է հայտնել JP Morgan Chase ամերիկյան բանկը:

Հիմնադրամի կազմակերպիչները նշել են, որ ճիզվիտների ​​ստրկության մեջ գտնվողների ժառանգները մերժել են անհատական ​​փոխհատուցումներ վճարելու գաղափարը եւ արտահայտվել են մեկ ակտիվի ձեւավորման օգտին, որից միջոցներ կներդրվեն այդ ժառանգների եւ նրանց ապագա սերունդների կյանքը բարելավելու համար:

Պարբերականը հիշեցնում է, որ ամերիկացի ստրուկների ժառանգներին փոխհատուցում վճարելու գաղափարը ԱՄՆ-ում լայն տարածում է գտել ամբողջ երկրում տեղի ունեցած բողոքի զանգվածային ցույցերից հետո, որոնք փաստացի առաջացել էին 2020 թվականի մայիսին Մինեապոլիսում (Մինեսոտա) ոստիկանների կողմից սեւամորթ Ջորջ Ֆլոյդի սպանության պատճառով: Իրավապահները փորձել էին նրան ձերբակալել եւ դրա համար կիրառել էին շնչահեղձ անող հնարք, որի հետեւանքով, ինչպես հետագայում ընդունվել էր, նա մահացել էր: Վճարումների գաղափարին ակտիվորեն աջակցել են Դեմոկրատական ​​կուսակցության կողմնակիցները, որոնք այդ ժամանակ ԱՄՆ-ում սպասվող համընդհանուր ընտրություններում փորձում էին ստանալ երկրի ազգային փոքրամասնությունների աջակցությունը: Այդ գաղափարին աջակցում էր նաեւ դեմոկրատների թեկնածու, այժմ ամերիկյան վարչակազմի ղեկավար Ջո Բայդենը:

Հիմնադրամի շնորհանդեսին նրա նախագահ Ջոզեֆ Սթյուարտն ասել է, որ Միացյալ Նահանգները հարյուրավոր տարիներ հերքում էր ստրկատիրական համակարգի օգտագործման ճանապարհով եւ երկրում «հասարակությանն ու ազգին բաժանող գիտակցված կամ չգիտակցված ռասիզմի» առկայությամբ մարդկանց ոչնչացման փաստերը: Ինքը՝ Սթյուարտը, 272 ստրուկներից մեկի ժառանգն է, որոնց 1838 թվականին Վաշինգտոնի Կաթոլիկ (ճիզվիտական) Ջորջթաունի համալսարանի կողմից վաճառել են այս մասնավոր ուսումնական հաստատության պարտքերը մարելու համար: Գրեթե երեք հարյուր տղամարդ, կին եւ երեխաներ այդ ժամանակ ուղարկվել էին Լուիզիանա նահանգի պլանտացիաներում աշխատելու: