Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող երկրորդ հանրակացարանի չորրորդ աստիճանի վթարային շենքում վերջին մեկ ամսում արդեն երկրորդ հրդեհն է գրանցվել: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել լուսադեմին եւ միայն առավոտյան հնարավոր է եղել հանգցնել հրդեհը: Այրվել է բնակիչներից մեկին պատկանող տան ամբողջ գույքը, կրակն այնուհետեւ տարածվել է հարեւան սենյակներով:

«Առանց այն էլ վթարային շենքում ապրել հնարավոր չէ,  ամեն պահի փլուզման ենք սպասում, շենքի կեսը չկա, իսկ ներսում անչափահաս երեխաներ են ապրում, պատկերացնո՞ւմ եք ինչ անտարբերություն է»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում դժգոհել է այրված տան բնակիչ Լուսիկ Վարդանյանը:

Բնակիչները խնդրի մասին տեղյակ են պահել մարզային իշխանություններին, սակայն վերջիններիս պատասխանել են, որ վթարային շենքերի ամրացում այս տարի պետական բյուջեից նախատեսված չէ:  Նրանք պատրաստվում են դիմում- նամակ ուղարկել նաեւ հանրապետության նախագահին, վարչապետին, հրավիրելով բոլոր գերատեսչությունների ուշադրությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Նշենք, որ նախնական տվյալների համաձայն, հրդեհի պատճառը բնակիչներից մեկի անուշադրության հետեւանքով է առաջացել: